The New York Times պարբերականին տված հարցազրույցում «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտնել է, որ իրենք պատրաստ են «ժամանակին համընթաց քայլելու»։ Մասնավորապես կանանց թույլ կտան տնից դուրս գալ առանց ուղեկցության, սակայն երաժշտությունը կարգելվի:
Մուջահիդը նշել է, որ իսլամում երաժշտությունն արգելված է, սակայն իրենք հույս ունեն, որ առանց ճնշում գործադրելու կկարողանան մարդկանց համոզել երաժշտություն չլսել։
«Թալիբան»-ի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ թալիբները ցանկանում են վերականգնել պատերազմից տասնամյակների ընթացքում ավերված երկիրը եւ կառուցել ապագան՝ մոռանալով այն ամենը, ինչ եղել է անցյալում:
Մուջահիդը ընդգծել է, որ Աֆղանստանի կանայք մոտ ապագայում կկարողանան վերադառնալ առօրյա գործերին, եւ համաշխարհային հանրությունն իզուր է վախենում, որ իրենք կանանց կստիպեն ամբողջությամբ փակել դեմքը:
Անդրադառնալով առանց ընտանիքի անդամ տղամարդկանց տնից դուրս գալու արգելքին՝ Մուջահիդը շեշտել է, որ այն վերաբերում է միայն երկարատեւ՝ երեք օր եւ ավելի ուղեւորություններին։ Դպրոց, գրասենյակ, համալսարան կամ հիվանդանոց գնալու համար կնոջն ուղեկցող պետք չէ։
Միեւնույն ժամանակ թալիբների ներկայացուցիչը կանանց խորհուրդ է տվել առայժմ նստել տանը, քանի որ նախ պիտի գրոհայիններին սովորեցնեն «ճիշտ վարվել» նրանց հետ: