Այս Ազգային ժողովի հատկապես մեծամասնությանը եւ նրա ընտրած ԱԺ նախագահին ինչ-որ բան բացատրելու գայթակղությունը մեծ է։ Բայց կարծում եմ, ավելին՝ վստահ եմ, որ նրանք ոչ մի բան չեն հասկանալու կամ իրենց դնելու են համապատասխան անհասկացող կենդանու տեղ, որովհետեւ իրենց գործողություններում առաջնորդվում են ոչ թե բանականությամբ, խելքով, նույնիսկ ոչ բարի զգացմունքներով (ինչի առկայությանը կասկածում եմ), այլ միայն ու միայն քծնանքով։
Քծնանքն էլ զգացմունք է, ինչպես սերը, ատելությունը։ Եվ հենց քծնանքն է նրանց առաջ մղում։ Այլապես կհասկանային տարրական մի բան. վարչապետի պաշտոնը զբաղեցնող ցանկացած անձ, այդ թվում իրենց պաշտելի կուռքը, չի կարող եւ չպետք է անքննադատելի լինի, ավելին՝ պիտի հենց ամենաքննադատելին լինի։
Երկար-բարակ չեմ բացատրի, միայն մի պարզ մեջբերում կանեմ «Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի» գործի վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռից (25. 06. 1997)։
«Ընդունելի քննադատության սահմաններն ավելի լայն են, երբ խոսքը վերաբերում է ոչ թե պարզապես մասնավոր անձի, այլ իբրեւ հանրային դեմք հանդես եկող քաղաքական գործչին: Վերջինս իր գործողություններն ու վարքը անխուսափելիորեն եւ գիտակցաբար դնում է ինչպես լրագրողների, այնպես էլ հասարակության ակնդետ վերահսկողության տակ, եւ այդ պատճառով պետք է առավել հանդուրժողականություն ցուցաբերի, եւ հատկապես` երբ ինքն է անում հրապարակային հայտարարություններ, որոնք կարող են քննադատության ենթարկվել»:
Էնքան պարզ է ամեն ինչ ասված, որ նույնիսկ մեկնաբանելու հարկ չկա։
Ու հիմա պիտի բացատրեմ յոթանասուն գումարած մեկ պատգամավորներին, որ «ազգակործան պատուհասը», «կապիտուլյանտը», «հողատուն» սոսկ պիտակավորումներ չեն, ինչպես փորձում է ներկայացնել ինքն իրեն մտքի գիգանտի տեղ դրած Ալեն Սիմոնյանը եւ այդ պատճառով անջատում է խոսափողը կամ մարդկանց զրկում խոսելու իրավունքից։
Դրանք ընդամենը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, նրա գործողությունների վերաբերյալ գնահատող դատողություններ են։ Առավել եւս՝ գնահատող դատողություն է կառավարության ծրագրին տված «կուրսային աշխատանք» բնորոշումը, եւ դրա համար սմբակներով պատգամավորի վրա հարձակվելը, մեղմ ասած, անընդունելի է։
Ի դեպ, իրեն իրավաբան համարող Ալեն Սիմոնյանի եւ մյուս յոթանասունի համար մեջբերեմ մի ձեւակերպում հենց մեր՝ Քաղաքացիական օրենսգրքի վիրավորանքի եւ զրպարտություն համար պատասխանատվություն նախատեսող 1087.1 հոդվածից.
«Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով»:
Արցախյան վերջին պատերազմի հետեւանքները, դրա համար պատասխանատու վարչապետի գործողությունները, վերջապես նրա ստորագրած, ըստ էության, կապիտուլյացիոն եռակողմ հայտարարությունն այն ստույգ փաստերն են, որոնց հիման վրա ցանկացած ոք կարող է տալ իր գնահատականը։ Եվ այդ գնահատականը հնչեցնելու համար Ազգային ժողովի նախագահը կամ տվյալ նիստը նախագահողը խոսափող անջատելու կամ պատգամավորին ձայնից զրկելու իրավունք չունի։
Ինտելեկտի իսպառ բացակայությամբ բիլակավոր ՔՊ-ականների համար կրկնում եմ՝ գնահատող դատողություների համար խոսափող անջատելու կամ ձայնից զրկելու իրավունք ոչ ոք չունի։ Երեւի հարկ է երրորդ անգամ էլ կրկնել, բայց դե քծնանքով առաջնորդվողների, իրենց պաշտելի վարչապետի աչքի վերեւի հոնքի առկայության ցանկացած մատնանշում վիրավորանք համարողների համար հարյուր անգամ կրկնելն էլ օգուտ չի տա։
Ի դեպ, ինչ-ինչ փաստերի վրա հիմնված գնահատող դատողություն է նաեւ «դավաճանը» կամ «դավաճանությունը», որից բորբոքվեց պաշտպանության նախկին նախարարը։ Վերջինս էլ պիտի հասկանա, որ եթե իրենք գնահատող դատողություններով (կասկածում եմ, թե դրա իմաստն իրենք գիտեն) են խոսում իշխանության մասին, ապա հակադարձումն էլ կարող է լինել նման որակումներով։
Այսուհանդերձ, պիտի նախազգուշացնեմ, որ «ագրեսիվ հնազանդ» մեծամասնության պահվածքով է ծնվում բռնակալությունը։ Իսկ որ դա արդեն ծնվում է, վկայում է նաեւ «համազգեստավորների» առկայությունը խորհրդարանում, որոնց թիվն արդեն ավելի շատ է, քան պատգամավորներինը։ Եվ այն, որ այդ «համազգեստավոր գազաններն» իրենց իրավունք են վերապահում քաշքշել անձեռնմխելիությամբ օժտված պատգամավորներին, լրագրողներին դուրս հանել օթնյակից։
Հատուկ ալենականների համար ասեմ, որ «համազգեստավոր գազաններ» ձեւակերպումը իմը չէ, այլ վերցված է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ «Թորգեյրսոնն ընդդեմ Իսլանդիայի» գործի վճռից։ Նման արտահայտությունը ոստիկանական գործողությունների գնահատականի տեսակետից դատարանն արդարացված է համարել։
Հ. Գ. Թող այն տպավորությունը չստեղծվի, թե երկու ընդդիմադիր խմբակցությունների անդամների համար ուշքս գնում է եւ նրանց գործողությունները, մանավանդ այդ գնահատականները, նորմալ եմ համարում։ Բնավ։ Բայց, կրկնում եմ, դա նրանց իրավունքն է։ Իսկ իշխանությունը հենց նրա համար է, որ հնարավորինս զուսպ արձագանքի ընդդիմության պահվածքին ու խոսքերին, եթե, իհարկե, առաջնորդվում է բանականությամբ եւ ոչ թե քծնանքով։ Թե չէ ծեծկռտուքից հետո դահլիճից դուրս եկած մի կարկառուն ՔՊ-ական ասում է. «Մեզ անընդհատ սադրում են»։ Դուք էլ մի՛ սադրվեք։ Մեկ մի՛ սադրվեք, երկու մի՛ սադրվեք, երեք մի՛ սադրվեք եւ կտեսնեք՝ սադրանքները վերացան։ Իսկ չսադրվելու համար ընդամենը մի բան է պետք՝ վերանալ Փաշինյանին քծնելու ձեր անհագ մոլուցքից եւ մոռանալ, որ նա (Նիկոլը) ձեզ ընդդիմադիրների ցանկացած արտահայտությանը բռունցքներով եւ աքացիներով պատասխանելու «քարտ բլանշ» է տվել։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։