Ըստ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհը փակելը պաշտոնական Բաքվի՝ ՀՀ ամբողջ քաղաքացիական բնակչության դեմ նախապես ծրագրված եւ հենց ադրբեջանցի զինծառայողների հորինած սադրանքի հիման վրա իրագործված բացահայտ հանցանք է։
Արդեն երկրորդ օրն է՝ ադրբեջանական զինծառայողները փակ են պահում Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը: Արդյունքում մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել են գյուղեր՝ Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ադրբեջանական զինուժի այս արարքները ՀՀ-ում առաջացրել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ մարդկանց ազատ տեղաշարժը, բժշկական ծառայությունների հասանելիությունը, խաթարվել են քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը եւ միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ։
Հայաստան-Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը կաթվածահար է եղել
Պաշտպանը նաեւ նկատել է, որ լրջորեն սահմանափակվել է տարբեր ապրանքների, այդ թվում՝ գործարար նպատակներով տեղափոխող բեռնատար մեքենաների, մարդկանց տեղաշարժը Իրանից Հայաստան եւ հակառակը: Այսինքն՝ կաթվածահար է եղել Հայաստան-Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այս արարքները հետեւողականորեն հաստատում են իր պնդումները, որ ադրբեջանական զինծառայողների ինքնին ներկայությունը ՀՀ գյուղերի մոտ ու Սյունիքի ճանապարհներին խախտում է կյանքի իրավունքը, ազատ տեղաշարժը, սեփականության իրավունքը, բնականոն կյանքը եւ այլ կենսական իրավունքներ:
Ամեն րոպեն թանկ է
«Մեր պետությունը պետք է գործի «ամեն րոպեն» թանկ է սկզբունքով ու թիրախային օգտագործի միջազգային մեխանիզմները»,- ընդգծել է Արման Թաթոյանը:
ՄԻՊ աշխատակազմի Երեւանի կենտրոնական ու Սյունիքի մարզային ստորաբաժանումներն ամբողջ օրվա ընթացքում կապի մեջ են եղել բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն ամբողջ ընթացքում իրականացրել են ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման անփոխարինելի դեր:
ՄԻՊ աշխատակազմն իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների օբյեկտիվ արդյունքները պարբերաբար ուղարկում է միջազգային մարմինների, այդ թվում՝ անհատապես այդ մարմինների պաշտոնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ եւ այլն, ինչպես նաեւ ՀՀ մարմիններին: