Անհայտ կորած զինվորների հարազատները, որոնք հինգշաբթի երեկոյան գիշերել են կառավարության մոտ, պնդել են, որ իրենք հրաժարվում են աճյունների եւ մասունքների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները ընդունելուց:
Հարազատները կոչ են անում բոլոր անհայտ կորածների ծնողներին նույնպես միանալ իրենց բողոքի ցույցին։ Անհայտ կորածներից մեկի հարազատը` Արսեն Ղուկասյանը, ուշ գիշերին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով ասել է, որ իշխանության ներկայացուցիչներն անտարբեր են իրենց երեխաների ճակատագրի հանդեպ։ Ավելին, ըստ նրա, որոշ տվյալներով՝ իշխանությունն անհայտ կորած զինվորների հարցն այլ հարթակի վրա է դրել։ Նա հավելել է, որ ուղիղ եթերի միջոցով չի խոսի դրա մասին։
Անհայտ կորածների հարազատները կառավարության առջեւ այժմ սպասում են, որ իրենց ընդունեն եւ հստակ պատասխան տան ԴՆԹ հետազոտությունների արդյունքների եւ իրենց երեխաների ճակատագրի վերաբերյալ։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեռ օգոստոսի 24–ին ասել էր, որ պատերազմի զոհերի 50 մասունք նույնականացման համար ներկա պահին Հոլանդիայում է։