Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջմարզային եւ միջպետական նշանակության ավտոճանապարհի ապաշրջափակման շուրջ ադրբեջանական կողմը հրաժարվել է հայկական կողմի հետ բանակցելուց։ Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ շփումները բացառապես ռուս զինվորականների հետ են։ Բանակցելուց Բաքվի հրաժարումը կապված է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորվելու պատճառով ներկայացված պահանջների հետ։
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե իբր օգոստոսի 25-ին երկու հայ զինվորականներ հարձակվել են Կուբաթլուի հատուկ սահմանապահ ստորաբաժանման տարածքում ծառայող զինծառայող Ռուսլան Շիրալիեւի վրա ու սվինով հարվածել նրա կրծքին։
Ադրբեջանական կողմի հաղորդագրությունը բացարձակ սուտ է
Ի սկզբանե ադրբեջանական կողմը՝ հանձին պետական սահմանապահ ծառայության, պնդել է հետաքննության համար իրեն հանձնել «զինծառայողի վիրավորվելու միջադեպի մեղավորներին»՝ սպառնալով «համարժեք պատասխան տալ սադրանքին»։
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հերքմամբ՝ ադրբեջանական կողմի հաղորդագրությունը անվանելով «բացարձակ սուտ»:
ՀՀ վարչապետ Փաշինյանը օգոստոսի 27-ին կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մասնակցել այդ միջադեպի հետաքննությանը, եթե Բաքուն դրա մասին ինչ-որ տեղեկություններ ունի:
Շփումներն ուղեկցվում են ուժեղ էմոցիոնալ լարումով
Ադրբեջանցիների դիրքորոշումը բխում է այն տրամաբանությունից, որ իրենց զինծառայողը «վիրավորվել է իրենց տարածքում», եւ նրանք դա ընկալում են իբրեւ դիվերսիա։ «Սպուտնիկ Արմենիայի» տվյալներով՝ շփումներն ուղեկցվում են ուժեղ էմոցիոնալ լարումով։ Այժմ գլխավոր խնդիրն է ստանալ այնպիսի լուծում, որը կբավարարի երկու կողմերին էլ։
Չի բացառվում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քննչական ծառայությունների ներկայացուցիչները գնան դեպքի վայր։ Դա կարող է դառնալ բանակցությունների ելակետը, որից հետո ճանապարհի արգելափակված հատվածներում երթեւեկության բացման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումն իրատեսական կդառնա։