Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Աֆղանստանում իր դեսպանատան աշխատակիցներին տեղափոխել է Քաբուլի օդանավակայանի տարածք, որտեղ տեղակայված են թուրք զինվորականները:
Էրդողանը նշել է, որ Քաբուլի օդանավակայանում «Թալիբանի» ներկայացուցիչների հետ 3,5 ժամ տեւողությամբ բանակցություններ են տեղի ունեցել՝ հավելելով, որ հարկ եղած դեպքում այդ շփումները կշարունակվեն:
Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Քաբուլի օդանավակայանն աշխատեցնելու հարցով տեխնիկական աջակցության համար դիմել էին Թուրքիային՝ պայմանով, սակայն, որ թուրքական զինված ուժերը մյուս երկրների զինուժի նման մինչեւ օգոստոսի վերջը կլքեն Աֆղանստանի տարածքը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ավելի վաղ հայտնել էր, որ օդանավակայանի հետագա կառավարման հարցը կորոշակիանա առաջիկա օրերին՝ հավելելով, որ Անկարան մտադիր չէ որեւէ կերպ վտանգել թուրք զինծառայողների կյանքը։