Գերմանիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AFD) կուսակցության ղեկավար Մարսել Հոլդհամմերի նախընտրական պաստառը Բեռլինում։
Պաստառի վրա Հոլդհամերի հետնապատկերին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարն է։ Իսկ լուսանկարի վերեւի հատվածում գրված է. «Աթաթուրքն էլ ձայն կտար AFD-ին»։
Նախընտրական այդ պաստառը մեծ արձագանք է գտել համացանցի գերմանական եւ թուրքական տիրույթում։ Առայժմ հայտնի չէ, թե ով է պաստառի հեղինակը։
Գերմանիայում գործող՝ Թուրքիայի քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺԴԿ-CHP) պատկանող «Բեռլինի միության» ղեկավար Քենան Քոլաթը խստիվ դատապարտել է նման պաստառի պատրաստումն ու տարածումը։