ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 27-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոեւի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ֊ի շուրջ ձեւավորված անվտանգության միջավայրը:
Գեներալ-լեյտենանտ Կալոեւը Արշակ Կարապետյանին զեկուցել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ օպերատիվ ծավալման պլանավորման խնդիրների վերաբերյալ:
Քննարկվել են ՀԱՊԿ֊ի շրջանակում որոշումների ընդունման եւ հավաքական ուժերի կիրառման մեխանիզմների կատարելագործման հարցեր։
ՀՀ այցի շրջանակներում ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալը ծանոթացել է նաեւ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված հայկական ստորաբաժանումների մարտական պատրաստությանն առնչվող հարցերին:
ՀՀ ՊՆ-ից հայտնել են նաեւ, որ այսօր ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոեւի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության եւ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման վերաբերյալ հարցերը։
Առանձնակի ուշադրության են արժանացել ՀԱՊԿ միացյալ շտաբի գործունեության կատարելագործմանն ուղղված որոշ դրույթներ։