ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան եւ Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։
«Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության եւ քաղաքացիների ազատ տեղաշարժի համար»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Շուռնուխից դեպի Կապան հատվածն ադրբեջանցիները փակել էին չորեքշաբթի գիշերվանից․ շրջափակման մեջ հայտնված հայկական մեքենաներն ավելի ուշ ռուսների միջնորդությամբ դուրս էին բերվել։ Երեկ առավոտից էլ ադրբեջանցիները փակել էին Գորիսից Քարահունջ ու Որոտան տանող հատվածը։
Ճանապարհը վերաբացելու համար սահմանապահ զորքերն ու ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ:
Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ մասեր, ըստ պաշտպանության նախարարության, վիճարկելի են Արցախյան վերջին պատերազմից հետո, եւ տարածքում անցած տարեվերջից ռուս սահմանապահներ տեղակայվեցին։