ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն այսօր քննարկել են մայիսից Հայաստանի տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը։
Ըստ ԱԳՆ֊ի տարածած հաղորդագրության՝ Միրզոյանն ու Լաքոթը մանրամասն քննարկել են նաեւ Արցախում տիրող իրավիճակը՝ ընդգծելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո:
Արարատ Միրզոյանը Ժոնաթան Լաքոթին պարգեւատրել է ԱԳՆ առաջին աստիճանի Պատվո մեդալով՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող սադրիչ գործողությունների, ինչպես նաեւ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման նպատակով, որը միտված է խաղաղ գործընթացի առանցքային հարցերի, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման միջոցով ղարաբաղյան հակամարտության տեւական լուծմանը:
Արտգործնախարարը հավելել է, որ ադրբեջանական զինված ուժերի` Հայաստանի ինքնիշխան տարածքից առանց նախապայմանների դուրսբերումը կարող է համապատասխան պայմաններ ստեղծել հարցերը քննարկելու եւ հնարավոր լուծումներ փնտրելու համար` շեշտելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաեւ Հայաստանին տրամադրվող Միացյալ Նահանգների շարունակական աջակցությանը: