The Denver Post-ն անդրադարձել է 2020-ին Կոլորադո նահանգում՝ Դենվերում բացված 10 լավագույն ռեստորաններին, որոնց մասին արժե տեղյակ լինել:
Հոդվածագիրը՝ Ջոզի Սեքստոնը, այդ 10 ռեստորանների թվում ներկայացրել է հայկական ընտանիքի պատկանող House of Bread & Pastries-ին (հացաբուլկեղենի եւ խմորեղենի տուն):
2020-ին խոշոր ռեստորան բացելը գրեթե անհնար էր: Սննդի ձեռնարկությունները մեկ տարվա ընթացքում հայտնվեցին փակման, սեղանների կրճատման եւ պատվերների չեղարկման խնդիրների առջեւ:
Ալան Թորոսյանը South Parker Road-ում արդեն 8 ամիս է՝ ընտանիքի հետ աշխատեցնում է House of Bread & Pastries-ը: «Բացվելու համար պահանջվեց 18 ամիս։ Հենց աշխատանքի թույլտվություն ստացանք, կորոնավիրուսը հարվածեց,-պատմում է Ալանը,- երբ բացվեցինք, մեզ թույլատրվեց առավելագույն հզորությամբ աշխատել, սակայն մի քանի շաբաթ անց այլ որոշումներ պարտադրվեցին»:
House of Bread-ը բացվեց նոյեմբերին: Թորոսյանը նշում է, որ այդ ժամանակից ի վեր ինքն ու ընտանիքը փորձում են տեղեկություն տարածել իրենց հայկական սրճարանի եւ հացաբուլկեղենի խանութի մասին:
Թորոսյանի սննդի կետը փոքր բիզնես է` տպավորիչ տեսականիով, որը ներառում է Դենվերին ոչ բնորոշ, հազվագյուտ ուտեստներ, հայկական խմորեղեն, քաբաբ եւ արագ սննդի տեսականի, ինչպես, օրինակ՝ աջարական խաչապուրի: Վրացական խոհանոցի այս ուտեստն ընդունված է Հայաստանում, «քանի որ դա այնքան լավն է»,- ծիծաղելով ասում է Թորոսյանը: Հացի հիմքով, նավակի տեսքով այս ուտեստը թխված է ֆետա պանրի միջուկով, որի վրա երկու ձու է կոտրած, երբեմն էլ՝ կտրտած լոլիկ:
Կան հրաշալի աղանդերներ, օրինակ՝ շերտավոր խմորով եւ կրեմով «Նապոլեոնը»: «Հանգստյան օրերին մենք միանգամից երկու սկուտեղ ենք թխում՝ 20-ական կտոր խմորեղենով, եւ մեկ ժամվա ընթացքում երկու թարմ խմբաքանակ ենք դուրս բերում»,- նշում է Թորոսյանը՝ ընդգծելով տորթի պահանջվածությունը:
«Անշուշտ գովելի է, որ House of Bread-ի պես նոր բացված ռեստորանները հնարավորություն ունեն գործելու եւ առաջարկներ ունենալու, երբ բացվելուց ամիսներ անց խիստ սահմանափակումների ենթարկվեցին»,- եզրափակել է հոդվածագիրը:
Պատրաստեց Կարինե Դավոյանը