Օգոստոսի 15-ի լույս 16-ի գիշերը իրար հաջորդող երկրաշարժերը խաթարեցին Շիրակի մարզի բնակիչների անդորրը։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից տեղեկացնում են, որ կտրուկ ակտիվացել էր Վրաստանի եւ Հայաստանի սահմանային գոտում գտնվող սեյսմիկ օջախը։ Մոտ 200 ցնցումներ են գրանցվել՝ ամենաուժեղը վեց բալ ուժգնությամբ։ Մինչեւ օգոստոսի 26-ը եղել են հետցնցումներ։
Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի խորհրդական, սեյսմիկ պաշտպանության մասնագետ, դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը հուսադրող լուր ունի. վերջին երկու օրերին օջախային ակտիվությունը նվազել է։ Օգոստոսի 27-ին էլ վերջին 15 օրվա մեջ առաջին անգամ հետցնցում չի գրանցվել։ Մասնագետը տվյալ օջախային գոտում ուժեղ երկրաշարժի հավանականությունը չնչին է գնահատում։
Հասկանալու համար, թե ինչու բազմաթիվ մարդիկ խուճապի մեջ հայտնվեցին, բավական է այցելել Գյումրիում բազմաթիվ վթարային շենքերից որեւէ մեկի բնակիչներին։
«Մենք էլ ենք մարդ, 30 տարուց ավելի վախով ենք ապրում, հազար դուռ ենք թակել, ցնցումներից հետո էլ օրերով չենք քնում․․․Երեխաների կողքին հերթապահելով ենք լուսացնում»,- իրար հերթ չտալով՝ բողոքում են բնակիչները։
Նկարի կիսավեր շենքը, որը Գյումրիի կենտրոնական, ամենաբանուկ՝ Տեքստիլ կոչվող թաղամասում է, ամեն Աստծո օր գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին հիշեցնում է երկրաշարժի արդեն 33 տարի չսպիացող վերքը։
Այսպիսի շենքեր առկա են նաեւ քաղաքի այլ հատվածներում։ Կիսախարխուլ բնակարաններում դեռեւս ապրում է 2221 ընտանիք։ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տվյալներով մարզում 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով կա 114 վթարային շենք, որից 13-ը՝ չորրորդ կարգի վթարայնության։ Վթարայիններից 92-ը Գյումրիում է, 22-ը՝ մարզի քաղաքային եւ գյուղական այլ բնակավայրերում։
Ներկա եւ նախորդ կառավարության բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված վթարայինների հարցի վերջնական լուծմանը, թղթին են մնացել։
Շենքերի ամրացման կամ քանդման ուղղությամբ այս տարի եւս էական առաջընթաց չի լինի։ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն ասում է, որ Տիգրան Մեծի 5-րդ շենքում պետական միջոցներով նախատեսված է ամրացման աշխատանքներ, ընթացիկ տարում 16 միլիոն դրամի հատկացման նախագիծ է ներկայացվել, որը դեռ չի հաստատվել, գումարը եկող տարի միայն կհատկացվի։
Անտառավան թաղամասի 26-րդ շենքում խնդիրն այլ է. առաջարկվել է հարցը բնակարանների գնման վկայագրով լուծել, սակայն գործընթացը դանդաղում է, քանի որ շենքի բոլոր սեփականատերերն իրենց համաձայնությունը պետք է տան։ «Շենքի ոչ բոլոր բնակիչներն են Հայաստանում։ Մենք իրավունք չունենք քանդելու մարդու սեփականությունը»,- նշում է ոլորտի պատասխանատուն։
Տարիներն անցնում են, մարդիկ իրենց կյանքը մաշում են բնակարան հիշեցնող խարխուլ պատերի մեջ։ Սերունդներ են ծնվում ու մեծանում այս պայմաններում, կառավարություններ են փոխվում, ավելի լավ կյանքի խոստումներ շռայլում։ Շիրակի մարզում, սակայն, երկրակեղեւի ամեն մի ցնցման հետ 2221 ընտանիքների հոգին ու ներաշխարհն է ցնցվում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։