Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ շնորհավորելով Արարատ Միրզոյանին, ընդգծել է, որ Հայաստանը Եվրոպական միության կարեւոր գործընկերն է։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Միրզոյանին գրած շնորհավորական ուղերձում Բորելը մասնավորապես նշել է, որ 2021-ի մարտի 1-ին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը ԵՄ-ՀՀ հարաբերությունների ակտիվացման կարեւոր, դրական հանգրվան էր։
«Այս համաձայնագրի կյանքի կոչումն առանցքային է մեր երկկողմ հարաբերություններում, եւ մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ներառյալ ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ամրապնդման, աշխատատեղերի եւ գործարար հնարավորությունների, շրջակա միջավայրի, կրթության բարելավման եւ գիտական հետազոտությունների համար հնարավորությունների ուղղությամբ»,- ընդգծել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։
Ժոզեպ Բորելը շեշտել է, որ նախորդ տարվա ռազմական գործողություններից հետո ցանկանում է վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը` նպաստելու տեւական եւ համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով՝ հնարավորության դեպքում աջակցելով հետկոնֆլիկտային վերականգնմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին։
«Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։
Ի հավելումն՝ մենք նաեւ պատրաստ ենք օժանդակություն տրամադրելու սահմանների սահմանազատման գործում։ Հաշվի առնելով այն, որ մեր բոլոր երկրները շարունակում են պայքարել ՔՈՎԻԴ-19-ի համավարակի դեմ, թույլ տվեք ընդգծել, որ Եվրոպական միությունը հանձնառու է աջակցելու Հայաստանին՝ հանրային առողջապահական այս ճգնաժամը եւ դրա հետեւանքները հաղթահարելու գործում»,- ընդգծել է Բորելը։