ԱՄՆ զինվորականներն Աֆղանստանում հատուկ գործողություն են իրականացրել՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղ համարվող «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալի, ով ղեկավարել է հարձակումները: Նախնական տվյալներով՝ ահաբեկիչ զինյալը ոչնչացվել է:
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Ուիլիամ Ուրբանը հայտարարել է, որ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով՝ Նանգարհար նահանգում: Քաղաքացիական բնակչության շրջանում գործողությունից տուժածների վերաբերյալ տեղեկություն չկա:
Ըստ նախնական գնահատականների՝ Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատուն հենց «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորումն է: ԱՄՆ հատուկ ծառայությունների տվյալներով՝ խմբավորումը նախապատրաստում է հերթական հարձակումը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման էր արձակել նախապատրաստվելու «Իսլամական պետության» բջիջ «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման պարագլուխներին եւ օբյեկտներին հարվածներ հասցնելու։