Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռիո դե Ժանեյրոյում՝ Կորկովադու (ծովի մակերևույթից 710 մետր բարձր) լեռան վրա, տեղի է ունեցել Բուդդայի՝ Բրազիլիայի ամենամեծ՝ 35-մետրանոց արձանի բացումը։ Բուդդայի նորաբաց արձանը Բրազիլիայի խորհրդանիշից՝ Ռիո դե Ժանեյրոյի՝ Հիսուս Քրիստոսի հայտնի (8-մետրանոց պատվանդանը չհաշված) 30-մետրանոց արձանից հինգ մետր բարձր է։
Արձանի շինարարությունն ավարտվել է նախորդ տարվա հոկտեմբերին, իսկ դեկտեմբերին անցկացվել է «աչքի բացում» բուդդայական ծիսակարգի հատուկ արարողությունը: Հուշարձանի բացումը նախատեսված էր ընթացիկ տարվա ապրիլին, սակայն ծրագրերը փոխվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ուխտագնացներն ու զբոսաշրջիկները սկսել են Բուդդայի արձանի մոտ գալ դրա պաշտոնական բացումից շատ առաջ։ Արձանը մոտիկից տեսնելու համար շաբաթական շուրջ չորս հազար մարդ է այցելում Ռիո դե Ժանեյրո։
Հիշեցնենք, որ 1931-ին բացված եւ «Աշխարհի նոր յոթ հրաշալիքների» շարքին դասված Հիսուս Քրիստոսի արձանի բոլոր դետալները, ներառյալ նաեւ հիմնակմախքը, պատրաստվել են Ֆրանսիայում։ Արձանը, որը 1965-ին վերստին օծել է Հռոմի Պողոս VI պապը, կառուցվել է մետաղաբետոնից եւ բյուրեղային հատուկ բաղադրություն ունեցող հանքաքարից։ Հիսուս Քրիստոսի արձանի ձեռքերի բացվածքը 28 մետր է, ծանրությունը՝ 1145 տոննա։