1993 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանը երկու օր՝ օգոստոսի 25-27-ը, զրկվել էր իր ինքնիշխան տարածքի մի հատվածից մյուսի հետ կապվելու հնարավորությունից: Ադրբեջանական կողմը փակել էր ճանապարհի երկու հատվածներ, որի հետեւանքով դադարեցվել էր Գորիս-Կապան-Իրան միջպետական ճանապարհի երթեւեկությունը: Հայ-ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվեց, սակայն որեւէ երաշխիք չկա, որ այն չի կարող փակվել կրկին:
44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտության հետեւանքով վերականգնվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խորհրդային վարչական սահմանները: Սյունիքում՝ Գորիս-Կապան-Ճակատեն հատվածում, ավտոմայրուղին, որ միմյանց կապում է նաեւ Հայաստանն ու Իրանը, անցնում է սահմանի բերանով, իսկ որոշ հատվածներում՝ մտնում Ադրբեջանի տարածք:
Արցախյան առաջին պատերազմի տարիներին, քանի դեռ հայկական ուժերը վերահսկողության տակ չէին վերցրել Կապան քաղաքին հարակից եւ Զանգելանին պատկանող մոտ մեկ տասնյակ գյուղեր, ապա նաեւ Ղուբաթլուի շրջանը, ճանապարհի Շուռնուխ-Որոտան-Քարահունջ հատվածը փակ էր, ինչպես փակվեց մի քանի օր առաջ: Կապան-Երեւան հաղորդակցությունն իրականացվում էր ներքին ճանապարհով, որն անցնում է Տաթեւ-Աղվանի հատվածով:
Նոյեմբերի 10-ի հայտարարությամբ հակամարտության կողմերը պետք է կանգնեին այդ պահին զբաղեցրած դիրքերի վրա, սակայն Հայաստանը շաբաթների ընթացքում զիջեց Զանգելանի եւ Կուբաթլուի այն հատվածները, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ էին նոյեմբերի 10-ի դրությամբ: Ի խախտումն եռակողմ հայտարարության՝ Հադրութի մնացած կտորը՝ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը, նույնպես անցավ Ադրբեջանին, իսկ այդ հատվածից գերեվարված տասնյակ հայեր շարունակում են պահվել Բաքվի բանտերում:
Ադրբեջանը հայտարարում է, որ Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածից, որն անցնում է իր տարածքով, հայերին ժամանակավորապես է թույլատրվում օգտվել: Դա նշանակում է, որ նրանք ցանկացած պահի կարող են փակել ճանապարհը, ինչպես արեցին, հայկական կողմին ներկայացնել պայմաններ եւ դրանց իրագործումից հետո բացել այն: Ադրբեջանական կողմի կամակորությունները կարող են շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք վերանորոգել եւ կառուցել այլընտրանքային ճանապարհներ:
Ադրբեջանի համար ճանապարհի այս հատվածը Հայաստանի վրա ճնշում բանեցնելու գործիքներից է։ Ցանկացած պահի Բաքուն կարող է այն փակել եւ ներկայացնել նոր պահանջներ: Բացի այդ՝ ադրբեջանական կողմն ակնկալում է, որ հայկական կողմը ճանապարհի այդ հատվածի օգտագործման դիմաց, որի ընդհանուր երկարությունը Ադրբեջանի տարածքում 20 կիլոմետրից ավելի է, տրամադրի միջանցք, որով Ադրբեջանը հնարավորություն կունենա Հայաստանի տարածքով կապվել Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ:
Կա նաեւ անվտանգության խնդիրը: Երեք գյուղերի՝ Որոտանի, Շուռնուխի եւ Բարձրավանի բնակիչները կտրվում են Հայաստանի մյուս հատվածներից, երբ Ադրբեջանը փակում է ճանապարհը:
Անկախ նրանից՝ տարածաշրջանում հնարավոր ապաշրջափակման արդյունքում հաղորդակցությունները կվերականգնվեն կամ ոչ, Հայաստանի համար կենսական են նոր, այլընտրանքային ճանապարհների վերանորոգումն ու կառուցումը, ճանապարհներ, որոնք չեն հատի Ադրբեջանի տարածքը եւ չեն անցնի հենց սահմանաբերանով:
Առաջնայինը Գորիս-Շինուհայր-Հալիձոր-Տաթեւ-Աղվանի-Տանձավեր-Վերին Խոտանան-Նորաշենիկ-Աճանան-Կապան այլընտրանքային ճանապարհի վերանորոգումն է, որի աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս ուղին, եթե անգամ Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհը անվտանգ լինի, պետք է դառնա Հայաստան-Իրան միջպետական հիմնական մայրուղին: Այն բավարար չափով հեռու է Ադրբեջանի եւ Նախիջեւանի սահմանից:
Առաջնահերթ է Շինուհայր-Խոտ-Որոտան, Շինուհայր-Հալիձոր-Բարձրավան, Շուռնուխ-Առաջաձոր-Վերին Խոտանան ներքին ճանապարհների վերանորոգումը, ինչը Որոտանի, Բարձրավանի եւ Շուռնուխի բնակիչներին հնարավորություն կտա կապվելու Հայաստանի մյուս հատվածների հետ՝ խուսափելով այն ճանապարհից, որն այսօր անցնում է Ադրբեջանի տարածքով:
Երբ 1990-1993 թվականներին փակ կամ կիսաբաց էր Կապան-Շուռնուխ-Որոտան ճանապարհը, քանի որ այն անցնում էր Ադրբեջանի տարածքով, մենք ստիպված էինք օգտվել այն ճանապարհից, որն այսօր վերականգնվում է: 25 տարի մենք ներքին, այլընտրանքային ճանապարհներ չկառուցեցինք, քանի որ հավանաբար վստահ էինք, որ ստատուս-քվոն հավերժ կարող ենք պահել: Հիմա էլ ուշ չէ, եթե ուզում ենք ամրապնդել Սյունիքը եւ նրա կապը Հայաստանի մյուս հատվածների եւ Իրանի հետ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։