Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ տարածաշրջանում խաղաղության առումով Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան, ասել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը։
Էրդողանն ասել է, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ «Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարեւանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը հարգելու հիման վրա։ Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ընդգծել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նշել է՝ տնտեսական զարգացման հարցերով զբաղվելը եւ համագործակցության համար պայմաններ ստեղծելը հնարավոր են միայն կայուն խաղաղության ապահովումից հետո։
Էրդողանը կրկին անդրադարձել է «Վեցի հարթակ»-ին, որին կարող են մասնակցություն ունենալ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը։ Նա ընդգծել է, որ այդպիսի հարթակի կազմակերպումը տարածաշրջանին հնարավորություն կտա ավելի հանգիստ լինելու։
Էրդողանը հավելել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներ կառուցել, որոնք երկրներն իրար կկապեն, եւ այդպիսով շատ խնդիրներ կհաղթահարվեն։
ՀՀ Կառավարության օգոստոսի 27-ի նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից եկող՝ տարածաշրջանային խաղաղության առումով դրական ազդակները Հայաստանը կգնահատի եւ դրական ազդակին դրական ազդակով կպատասխանի։