Շիրակի մարզպետարանից հայտնել են, որ Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքում այսօր բացվել է գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն։
Ախտորոշիչ կենտրոնը համալրված է Հայաստանում ամենահզոր հնարավորություններով ապահովված օնկոգինեկոլոգիական պաթոլոգիաներն ու պտղի զարգացման արատները վաղ փուլում հայտնաբերող էխոսկոպիկ` GE Voluson S 10 Expert սարքով, որի շնորհիվ հնարավոր է նաեւ վաղ ժամկետներում կատարել պտղի դոպլեր հետազոտություններ։
Կենտրոնը ծառայելու է ոչ միայն հղիներին, այլ նաեւ օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց, որոնց հնարավորություն կտա խնդիրները վաղ հայտնաբերելու։
Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը հայտնել է, որ առաջիկայում Գյումրու ԲԿ-ն կհամալրվի նաեւ կրծքագեղձը հետազոտող սքրինինգային սարքով։