Ըստ թուրքական NTV հեռուստաալիքի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Աֆղանստանում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները ժամանակավոր տարհանումից հետո վերադարձել են Քաբուլի կենտրոնում գտնվող դեսպանատան շենք եւ շարունակում են իրենց աշխատանքը։
Էրդողանը հավելել է, որ Աֆղանստանում դիվանագիտական առաքելության ընդհատումը չի մտնում Թուրքիայի ծրագրերի մեջ։ Անկարան մշտապես հետեւում է իրավիճակի զարգացմանն անվտանգության տեսանկյունից եւ ցանկացած իրավիճակի համար ունի մշակած տարբերակներ։
«Մեր առաջնահերթությունը, սակայն, անձնակազմի անվտանգությունն է»,- շեշտել է Թուրքիայի նախագահը։
Ավելի վաղ «Անադոլու» գործակալությունից հայտնել էին, որ Թուրքիան Աֆղանստանում իր դեսպանատան աշխատակիցներին տեղափոխել է Քաբուլի օդանավակայանի տարածք, որտեղ տեղակայված են թուրք զինվորականները: