Մեր հասարակության մեդիագրագիտության ու մեդիայի պանծալի մակարդակը հաշվի առնելով՝ մտքովս անցավ, թե ինչ տեղի կունենա, եթե սենսացիոն ոճով/տոնով/ձեւով հայտարարեմ, որ «բա չիմացա՜ք՝ Արեւն այսուհետ ամեն երեկո մայր է մտնելու Արեւմուտքում»․․․
Իմ այս հայտարարությունը անմիջապես կտարածեն հայաստանյան տասնյակ կայքեր, բլոգերներ, լրատվականներ։ Լրագրողների մի մասն իսկույն կանցնի իր մասնագիտական պարտականությունների կատարմանն ու բերման կենթարկի մի շարք վերլուծաբանների։
Ղանդյան ազգանունով փորձագետ մը խոր հոգոց կքաշի ու կասի՝ էդ էլ Ձեր Արեւմուտքը, մեր Արեւին կուլ են տալիս, հենց հասնում է իրենց սահմաններին։
Արեւմտամետները կվրդովվեն՝ ախր ոնց չեք հասկանում, որ էս սադրանք ա, ձեզ դրդում են՝ որոշում կայացնեք, որ այսուհետ Արեւը Հյուսիս գնա Արեւմուտք գնալու փոխարեն։
Իրանագետները կմիջամտեն՝ ուզում ենք հիշեցնել, որ Իրանը, մեր դարավոր բարեկամը լինելով ու մեզ հետ Արեւի հանդեպ համատեղ զգացմունքներ ունենալով, իր մեծ հետաքրքրությունն է հայտնում Արեւին Արեւմուտքից փրկելու ու նրա ամենօրյա ճամփորդությունը հարավից հյուսիս կազմակերպելու ծրագրի հանդեպ։
Կարծում ենք՝ այդ ծրագրին իրենց աջակցությունը կհայտնեն ոչ միայն Ալլահը, այլեւ հատկապես Ահուրամազդան ու Միհրը․ վաղուց ժամանակն է արտատարածաշրջանային ծեգերը մերժելու ու մեր դարավոր բարեկամների հետ հարաբերություններն ավելի ջերմացնելու։
Էլի Ղանդյան ազգանունով, բայց դառնության այլ որակով մի քաղաքական գործիչ կհրապարակի իր նախընտրական ծրագիրը եւ կփաստի, որ Կուր-Արաքսյան հանրապետության գոյությունն է միակ փրկությունն այս իրավիճակից։ Միայն Կուր-Արաքսյան հովտում է հնարավոր պայմաններ ստեղծել, որ մենք լինենք որոշողը, թե Արեւը ոնց, որտեղ եւ ում հետ մտնի։ «Եվ առհասարակ, պետք է վերջ տալ մտնելու մասին այս պարտվողական քննարկումներին»,- կլսվի քաղաքագետի պոռթկումը։
Ադրբեջանագետները հարցազրույցի ընթացքում կնշեն, թե Բաքվի բռնապետական ռեժիմը խուճապի մեջ է, քանի որ խիստ տեղին այս քննարկումները հասկացնել են տվել՝ իրենք շուտով ոչ միայն նավթից են զրկվելու, այլ նաեւ Արեւ երկնելու ու նրան բռնությամբ երթուղի պարտադրելու մենաշնորհից։ Եվ այս դեպքում Թուրքիան էլ չի փրկի։
Ահավոր Հուդիբեկյանի սաներից մեկը ասուլիս կտա, կասի, թե նման որոշումներ կայացնելուց առաջ սոցիոլոգիական տվյալներին ուշադրություն պետք է դարձնել։ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը ախր վաղուց չի հետաքրքրվում Արեւի ճակատագրով, նրանց յոթանասուն տոկոսը Լուսնից որպես տրանսֆեր լուսնաքար է ստանում, իսկ քսան տոկոսը՝ աստղերից փշրանքներ։ Սա նշանակում է, որ Արեւը մայր կմտնի, թե հայր դուրս կգա, ՀՀ բնակչությանը չի հետաքրքրում։
Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ հերթական նիստին կհայտարարի, որ ապաշնորհ իշխանության պատճառով Արեւն այսուհետ նորից Ադրբեջանում ավելի շուտ է ծագելու, քան մեզ մոտ, եւ այս փաստը քողարկելու համար ասպարեզ է նետվել Արեւի՝ մայր մտնելու մասին կեղծ թեզը։
Բոցաշունչ ելույթների մեջ ընդդիմության ներկայացուցիչները կնշեն, որ անհապաղ պետք է գտնել այն թուղթը կամ պայմանագիրը, որով փորձում են հաստատել էս դավաճանական իրողությունը։ Իշխանություններն այդ մեղադրանքին կարձագանքեն՝ «տեղի ունեցածը թավշյա, ոչ բռնի հեղափոխության նվաճումներից մեկն է, հարյուր տոկոսով բխում է մեր պետության շահերից եւ ընդհանրապես, դուք ձեր ժամանակների Արեւի խավարումներից խոսեք»։
Ու կգտնվի մի հոգեբան, որ կբացատրի՝ մենք, վաղուց արդեն ասեքսուալ ու անլույս հարաբերություններ ունենալով, Արեւին մերժել ենք, ու նա որոշել է մայր մտնել ոչ թե ինչ-որ ուժային կենտրոնի պարտադրանքով, այլ մեր հոգեբանական վարքի կողմնակի ազդեցությունների հետեւանքով։
Աստղագուշակները կհիշեն իրենց գուշակություններն այն մասին, որ էս Արեւը, խավարումներ կազմակերպելով, ախր մեզ հասկացնում էր, որ թեեւ աստղերը հուշում են, բայց պարտադրողը մենք պիտի լինեինք, որ նա իր երթուղին ամրագրեր մեր ուզած ուղղությամբ։
Լոսի Փիսոն լայվ կմտնի ու կհիշեցնի, որ տեղի ունեցածից առաջ ինքը մի քանի գիշեր աղոթել է ու, ի հեճուկս Մայր Հայաստանի՝ Արեւի վրա ունեցած բացասական ազդեցության, աղոթքները տեղ են հասել։ Իսկ քյավառցի մի բախտ բացող հոգոց կհանի՝ բա կարծում էիք Հաղարծնի ծառի կոտրվելը անարդյունք պիտի մնա՞ր։
Եվ, վերջապես, հարցը հանգուցալուծման կմոտենա այն ժամանակ, երբ կհայտնվի նորագույն պատմության «գիտակ» մեկը ու կհայտարարի՝ «սաղ Լեւոնն ա մեղավոր, Լուսինն ինքը բերեց ու հիմքը դրեց Արեւին գիշերները Լուսնով փոխարինելու արատավոր պրակտիկային»։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։