Վերաքննիչ քրեական դատարանը վերացրեց զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի` ՀՀ սահմանը հատելու արգելքը դատարանի որոշմամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունն էր ընթանում Վերաքննիչ դատարանում:
Նիստի սկզբում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, խափանման միջոցը՝ վերացվել, սակայն տեղաշարժի ու, մասնավորապես, սահմանահատումների արգելքը չի վերացվել։ Նա հանդես եկավ համապատասխան միջնորդությամբ։ Մեղադրող կողմը չառարկեց միջնորդության դեմ, իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշեց, որ չի միանում ո՛չ մեղադրողների, ո՛չ պաշտպանների կարծիքին:
Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումը, որոշեց, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, եւ տեղում խորհրդակցելուց հետո դատարանը որոշեց Յուրի Խաչատուրովի սահմանահատումների արգելքը վերացնել:
Ապրիլի 6-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը վճռել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դեմ հարուցված քրգործով անցնող բոլոր անձանց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։
Նախքան այդ ՍԴ-ն հայտարարել էր, որ քրեական օրենսգրքի` սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրության որոշ դրույթներին։ Սակայն դատախազությունը բողոքարկել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։