Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Corriere della Sera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը ֆինանսական օգնություն ցույց կտա Աֆղանստանի հարեւան երկրներին փախստականներին տեղավորելու համար:
«Եվրոպայի կարողություններն անսահմանափակ չեն, եւ առանց սերտ համագործակցության ոչինչ չի կարելի անել: Հարեւան երկրները գործընթացում կներգրավվեն ավելի շատ եւ ավելի շուտ, քան Եվրոպան: Այնպես որ, այո՛, դա նաեւ նշանակում է ֆինանսական օժանդակության տրամադրում այդ երկրներին, ինչպես դա եղավ Թուրքիայի դեպքում»,- ընդգծել է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը: Նա հավելել է, որ Եվրոպան պետք է դասեր քաղի Աֆղանստանի իրադրությունից, անդրատլանտյան հարաբերություններն ամրապնդելու եւ դրանք ավելի հավասարակշռված դարձնելու առումով:
Բորելն ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է սովորի աշխատել միասին եւ ամրապնդի ռազմավարական ինքնավարության գաղափարը: Եվրամիության ռազմավարական կողմնացույցում, արտաքին քաղաքական ռազմավարական հայեցակարգում առաջարկել ենք ստեղծել արագ հակազդման ուժերի (Initial Entry Force) եվրոպական ստորաբաժանում:
«Ստորաբաժանումը արտակարգ իրավիճակներում ի վիճակի կլինի շեշտակի գործելու: Եվրամիությունը պետք է հնարավորություն ունենա միջամտելու սեփական շահերի պաշտպանությանը, երբ ամերիկացիները չեն ցանկանում միջամտել»,- շեշտել է գերագույն հանձնակատար Բորելը: