Վրաստանի աշխատանքի տեսչությունից հայտնել են, որ կորոնավիրուսով պայմանավորված պահանջներին չենթարկվելու պատճառով վերջին 72 ժամվա ընթացքում երկրում փակվել է հինգ օբյեկտ, եւս վեցը տուգանվել է: Վրաստանում հայտնաբերված խախտումներից գերակշռում են սոցիալական, զանգվածային ժամանցային միջոցառումների անցկացման հետ կապված խախտումները:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ երկու շաբաթվա ընթացքում Վրաստանի տարածքում փակվել է ավելի քան 20 օբյեկտ, տուգանվել՝ 46 ձեռնարկատեր, որոնց թվում՝ 29 իրավաբանական եւ 17 ֆիզիկական անձ:
Վրաստանում կորոնավիրուսային համաճարակի պատճառով արգելվում են հարսանիքներ, հոգեհացեր, մկրտություններ, ծննդյան օրեր նշել ավելի քան 10 հոգով: Սննդի հաստատություններին թույլատրվում է այցելուներ ընդունել մինչեւ 22:00-ն:
Համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով օգոստոսի 10-ից ուժեղացվել է սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ընդլայնվել են աշխատանքի տեսչության լիազորությունները: Տեսուչները կարող են ռեստորան կամ գիշերային ակումբ կնքել, այնուհետեւ գործը փոխանցել ոստիկանություն` հետագա ընթացքի համար:
Մարդաշատ միջոցառում կազմակերպած ֆիզիկական անձինք տուգանվում են 2 հազար լարիով (մոտ 300 հազար դրամ), իսկ իրավաբանական անձինք՝ 10 հազար լարիով (մոտ 1,5 միլիոն դրամ):