Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ օգոստոսի 30-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում պայմանավորվել են սեպտեմբերի 9-ին հանդիպում անցկացնել Մոսկվայում: Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ժամկետը համաձայնեցվել է երկու ղեկավարների զրույցի ընթացքում:
Ըստ «ԲելՏա» բելառուսական լրատվական գործակալության՝ նախագահները կքննարկեն միութենական պետության ծրագրերը եւ միջազգային խնդիրներ:
Պուտինն այսօր նաեւ հեռագրով շնորհավորել է Լուկաշենկոյին ծննդյան 67-ամյակի կապակցությամբ: Նա ընդգծել է, որ «բելառուս ընկերները» միշտ կարող են ապավինել Ռուսաստանին: «Չեմ կասկածում, որ մեր համատեղ ջանքերով մենք հետագայում էլ կզարգացնենք ռուս-բելառուսական կապերը տարբեր բնագավառներում»,- նշել է ՌԴ նախագահը: