ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նախարար Արշակ Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Դեսպանին ուղեկցել են ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենը եւ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը:
ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների մասին:
Արշակ Կարապետյանը վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ միեւնույն ժամանակ շեշտելով Հայաստանի սահմանները եւ տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները: