«Իմ սիրտը լեռներում է», «Իմ կյանքի ժամերը», «Թրեյսիի վագրը» եւ այլ հանրահայտ ստեղծագործությունների հեղինակ, ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի անունը բոլորին է հայտնի, բայց հավանաբար քչերը գիտեն, որ Միացյալ Նահանգներն ու Խորհրդային Միությունը Վիլյամ Սարոյանի դիմանկարով համատեղ դրոշմանիշ են թողարկել:
Նամականիշի դիմանկարն իր պատմությունն ունի, որը գտնում ենք ամերիկահայ լուսանկարիչ Փոլ Գալինյանի հուշերում:
1964-ին Ֆրեզնո, Կալիֆոռնիա տեղափոխվելուց հետո լուսանկարիչն աշխատում է Վիլյամ Սարոյանի հետ ծանոթանալու եւ նրան լուսանկարելու ուղղությամբ: Դա նրան չի հաջողվում, որովհետեւ, ինչպես Սարոյանի ժամանակակիցներն են ասում, գրողը նկարվել չէր սիրում եւ ամեն կերպ խուսափում էր լուսանկարչական խցիկներից:
Սարոյանին գտնելու բազմաթիվ ապարդյուն փորձերից եւ 12 տարի նրան հետապնդելուց հետո Փոլը վերջապես գտնում է ձեւը: Նա դիմում է գրողի մտերիմ ընկերոջը՝ քանդակագործ Վարազ Սամվելյանին: Վարազը Փոլին առաջարկում է լուսանկարչական գործիքները բերել իր արվեստանոց ու սպասել հարմար պահի, քանի որ Սարոյանը հաճախ էր հյուրընկալվում նրա մոտ:
Վերջապես՝ 1976 թվականի մարտի 26-ին, Վարազը զանգում է Փոլին եւ հայտնում, որ Սարոյանը Ֆրեզնոյում է եւ լինելու է իր արվեստանոցում: Մի քանի ժամ անց Սարոյանն էլ, Գալինյանն էլ այնտեղ էին։ Երկուսի մտքով էլ չէր անցնում, որ Վարազի արվեստանոցում ծնվելու է սովետ-ամերիկյան համատեղ նամականիշի դիմանկարը:
Գալինյանը թաքուն հետեւում էր, թե ինչպես էին Վարազն ու Սարոյանը ողջագուրվում: Սարոյանը նկատում է Փոլին, բայց առանձնապես ուշադրություն չի դարձնում: Ներկայանալով գրողին՝ Փոլը լուսանկարելու թույլտվություն է խնդրում:
— Կորիր՛,- բարկացած ասում է Սարոյանը:
— Բայց պարոն Սարոյան, ես…- փորձում է իր նպատակը բացատրել Փոլը:
— Ո՛չ ասացի, ականջդ ծա՞նր է,- գոռում է Սարոյանը:
— Բայց ինչո՞ւ:
— Չեմ ուզում, մոռացի՛ր,- հետո դառնալով Վարազին՝ հարցնում է,- ո՞վ է այս մարդը, ինչո՞ւ է այսքան պնդում:
Վարազը ներկայացնում է Փոլին, ասում է, որ իր ընկերն է, տաղանդավոր լուսանկարիչ, բայց դա էլ Սարոյանի մեջ նկարվելու ցանկություն չի առաջացնում: Նա սկսում է շրջել արվեստանոցում, նայել Վարազի գործերը: Փոլն իր հերթին ստուգում է լուսանկարչական սարքերը: Դրանք տեսնելով՝ Սարոյանը բարկացած հարցնում է.
— Դու նկարո՞ւմ ես:
— Ո՛չ, պարո՛ն Սարոյան, լույսերն եմ փորձում: Գործիքիս մեջ նույնիսկ ժապավեն չկա:
Սարոյանը մոտենում է գործիքին, զննում է եւ, համոզվելով, որ այն դատարկ է, հանգիստ նստում է սնդուկ հիշեցնող սեղանին, որը հենց գործիքի առջեւում էր:
Արագ, առանց Սարոյանի ուշադրությունը գրավելու, Փոլը ժապավենը տեղադրում է գործիքի մեջ: Մի քիչ զրուցելուց հետո Սարոյանը սկսում է վստահել, հետաքրքրվում է նրանով, խնդրում է պատմել ծննդավայրի՝ Լիբանանի հայերի մասին: Այդ ընթացքում Փոլը գաղտնի նկարներ է անում: Խոսակցությունից ոգեւորված՝ Սարոյանը նորահայտ բարեկամին խնդրում է հայկական հին երգ երգել: Երգում են «Կիլիկիան», եւ բոլորն էլ շատ են հուզվում: Այսպես Գալինյանը լուսանկարելու թույլտվություն է ստանում:
Երկու շաբաթ անց Սարոյանը գնում է Փոլի արվեստանոց: Պատից կախված իր դիմանկարներին նայելով՝ ասում է՝ «Դեմքս երբեք այսպիսի արտահայտությամբ չեմ տեսել», ու բարձրաձայն ծիծաղում է: Հետո գրպանից հանելով իր գրքերից մեկը՝ մակագրում է. «Փոլ Գալինյանին՝ մեծ լուսանկարիչ-արվեստագետին: Անկեղծորեն՝ Վիլյամ Սարոյան, Ֆրեզնո, 8 Ապրիլի, 1976 թվական»:
Սարոյանի մահից հետո գրողի լուսանկարն ու Գալինյանի նկարահանման այս պատմությունը հայտնվեցին աշխարհի տարբեր թերթերում: Մարդիկ սկսեցին հետաքրքրվել լուսանկարներով:
1991 թվականին էլ թողարկվեց սովետ-ամերիկյան համատեղ նամականիշը: Կարող է հարց առաջանալ, թե ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը, տասնամյակներ շարունակ լինելով սառը պատերազմի մեջ, ինչո՞ւ համատեղ նամականիշի «հերոս» ընտրեցին Սարոյանին: Այս հարցի պատասխանն ամերիկահայ գրողի ստեղծագործություններում է:
Նանե Պասկեւիչյան