Ջոնս Հոփքինսի համալսարանի Կորոնավիրուսի հետազոտությունների կենտրոնից հայտնել են, որ աշխարհում մինչեւ այժմ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 216 միլիոն դեպք, Քովիդ19-ից մահացել է ավելի քան 4,5 միլիոն մարդ: 2021-ին մահացությունների թիվն արդեն իսկ գերազանցել է 2020 թվականի ամբողջ ընթացքում գրանցված մահացությունների թիվը:
Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ կորոնավիրուսը 2020-ի մարտից ամենամեծ հարվածն է հասցրել Միացյալ Նահանգներին, որտեղ վարակվել է մոտ 39 միլիոն մարդ, մահացել՝ 638 հազարը: Հիվանդությունների կանխարգելման կենտրոնից հաղորդել են, որ ամենօրյա կտրվածքով այստեղ նոր վարակակիրների թիվն ավելանում է 151 հազարով, այն դեպքում, երբ ամերիկացիների ավելի քան 48 տոկոսը պատվաստված է: Եվրոպական միությունն այդ պատճառով դադարեցրել է Միացյալ Նահանգներից դեպի Եվրոպա ճամփորդությունների թիվը:
Բազմաթիվ երկրներ այսօր պայքարում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու համար, սակայն հարուստ ու չքավոր երկրների միջեւ հասանելիության տարբերությունը դեռեւս ահռելի է:
Աֆրիկայում պատվաստման առնվազն առաջին ներարկումն է ստացել յուրաքանչյուր հարյուր անձից 7-ը, Եվրոպայում՝ 99-ը, Միացյալ Նահանգներում` 111-ը: