Թուրքիայի «Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի» համանախագահ Լեյլա Գյուվենի դուստրը՝ Սաբիհա Թեմիզքանը, հայտնել է, որ Էլազըղի (Խարբերդ) կանանց փակ բանտում իրեն եւ եւս ութ բանտարկյալների քրդերեն երգելու համար մեկ ամիս ժամկետով զրկել են հաղորդակցության եւ տեսակցության հնարավորությունից։
Ինը կին բանտարկյալների նկատմամբ կարգապահական հետաքննություն է սկսվել քրդերեն երգելու հիմքով։ Հետաքննության շրջանակում կազմված արձանագրությունում նշվել է, որ կին բանտարկյալներն «ինչ-որ անհասկանալի լեզվով» երգել են:
Պատժված բանտարկյալներից են նաեւ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Դիարբեքիրի նահանգային կառույցի համանախագահ Հուլյա Ալյոքմենը, «Ճնշվածների սոցիալիստական կուսակցության» փոխնախագահ Ֆաթհիյե Օք Չիչեքը եւ այլք։
Ավելի վաղ Դիարբեքիրի փաստաբանները հիշեցրել են, որ նախկինում էլ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քրդերեն խոսքը արձանագրություններում չի ներառվել՝ նշվելով որպես «անհայտ լեզու»։ Փաստաբաններն ընդգծել են, որ անընդունելի է, երբ երկրի պետական ու հանրային հաստատությունները Թուրքիայի շուրջ 25 միլիոն քաղաքացիների մայրենի լեզու քրդերենը բնութագրում են իբրեւ «անհայտ, անհասկանալի» լեզու։