ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ծագած խնդիրները հնարավոր է լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանազատման եւ սահմանագծման միջոցով:
«Այսօր խոսել ենք այն մասին, թե ինչպես պետք է ապահովել այդ գործընթացի արագ իրականացումը: Մենք հաստատեցինք այդ գործընթացին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը»,- ընդգծել է Լավրովը:
Անդրադառնալով կողմերի միջեւ լարվածության թուլացման անհրաժեշտությանը՝ ՌԴ արտգործնախարարը կարեւորել է երկու կողմերի հռետորաբանության լուրջ մեղմացումը: Նա ընդգծել է, թե չի կասկածում, որ հռետորաբանությունը չափավորելու պարագայում առաջընթաց կարձանագրվի:
Ինչ վերաբերում է գերիների ազատ արձակմանը, Լավրովը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը ՌԴ-ից կախված չէ։
Ըստ ՌԴ արտգործնախարարի՝ հիմա ադրբեջանցիները պահում են նոյեմբերի վերջին գերեվարվածներին, այսինքն երբ համաձայնագիրն արդեն ուժի մեջ էր։ Չնայած դրան՝ ՌԴ նախագահը եւ ԱԳՆ-ն դարձյալ դիմում են Ադրբեջանին` կոչ անելով առանց նախապայմանների ազատելու բոլոր գերիներին:
Լավրովը հավելել է, որ առանց նախապայմանների գերիների ազատ արձակումը կլիներ կարեւոր մարդասիրական քայլ։