Գերմանիայի «Ձախերի» կուսակցության պատգամավոր Գյոքայ Աքբուլութը հարցում է հղել երկրի կառավարությանը՝ պարզելու համար, թե Գերմանիայի քաղաքացիներից կամ այդ երկրում բնակության իրավունք ունեցողներից քանիսն ազատազրկման կամ երկրից դուրս գալու արգելքի պատճառով չի կարողանում հեռանալ Թուրքիայից։
Հարցմանը պատասխանել է երկրի ԱԳՆ-ն՝ նշելով, որ Գերմանիայի 61 քաղաքացի ներկայումս պահվում է թուրքական բանտերում, եւս 58 քաղաքացու արգելված է հեռանալ երկրից։
Պարզվել է նաեւ, որ 2021-ի ընթացքում արգելվել է Գերմանիայի 4 քաղաքացիների մուտքը Թուրքիա։ Նախարարությունից հայտնել են, որ Գերմանիայում բնակության իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ նշված համատեքստում որեւէ տեղեկության չեն տիրապետում։
ԱԳՆ-ն տվյալներ չի հրապարակել, թե Թուրքիայում բանտարկված իր քաղաքացիներն ինչ մեղադրանքներով են ազատազրկվել։ Միեւնույն ժամանակ վերջին տարիներին մամուլում հատկապես մեծ աղմուկ են առաջացրել դեպքերը, երբ Թուրքիայում գտնվող Գերմանիայի մի շարք քաղաքացիներ սոցցանցերում կատարված հրապարակումների հիման վրա մեղադրվել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու կամ ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» ներկայացուցիչների հրապարակած զեկույցի համաձայն՝ միայն Էրդողանի նախագահության շրջանում «երկրի նախագահին վիրավորելու» հոդվածի հատկանիշներով դատական հայց է ներկայացվել Թուրքիայի ավելի քան 38 հազար քաղաքացու: