Ըստ հնդկական Hindustan Times պարբերականի՝ Հնդկաստանի Ուտար-Փրադեշ նահանգի իշխանությունները կարգադրել են 1-8-րդ դասարանների համար փակել դպրոցները՝ տենգե տենդին բնորոշ անհայտ հիվանդության բռնկման պատճառով: Ուտար-Փրադեշ նահանգի գլխավոր քարտուղարի առողջապահական հարցերի գծով տեղակալ Ամիտ Մահան Պրասադը հայտնել է, որ հնարավոր է՝ հիվանդությունը դենգե (մլակային) տենդի հետեւանք է:
Հնդկաստանում մոտ 70 մարդ է մահացել այս չբացահայտված հիվանդության պատճառով: Ուտար Պրադեշ նահանգը հայտնել է վերջին մեկ շաբաթում անհայտ տենդային վիրուսի պատճառով 68 մարդու մահվան մասին: Ըստ Հնդկաստանի առողջապահության նախարարության՝ մահացածներից 40-ը երեխաներ են:
Մահվան դեպքերից 12-ը գրանցվել է վերջին մեկ օրում: Հիվանդներից ոմանք ունեցել են դենգե տենդին բնորոշ ախտանշաններ՝ բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, մկանային ցավ, սրտխառնոց եւ լիմֆատիկ հանգույցների մեծացում:
«Իրավիճակը շրջաններում տագնապ է առաջացնում: Ճահճացումը, սանիտարական պայմանների բացակայությունը հիվանդության տարածման պատճառներ են»,- տեղի լրատվամիջոցի հետ զրույցում ասել է բժիշկ Մանիշ Ասիջան:
Իշխանությունները նշել են, որ բարձր ջերմաստիճանի ու հորդառատ անձրեւներով պայմանավորված խոնավության պատճառով տուժած շրջանները կատարյալ վայր են դարձել արնախում միջատների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների տարածման համար:
Ըստ ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալության՝ «Ռոսպոտրեբնադզորը» գնահատել է տենդի անհայտ վիրուսի՝ Հնդկաստանից Ռուսաստան ներթափանցելու հնարավորությունը: Ծառայությունը հաղորդել է, որ երկու երկրների միջեւ ընդհանուր սահմանների բացակայությունը եւ ՌԴ տարածքում սանիտարական հսկողության միջոցառումների իրականացումը նվազագույնի են հասցնում Հնդկաստանից վիրուսի ներթափանցումը երկիր:
Բժշկական տեղեկանք
Դենգե տենդը արեւադարձային հիվանդություն է, որի աղբյուր կարող են լինել հիվանդ մարդը, կապիկները եւ չղջիկները։ Դենգե տենդի փոխանցողը Aedes aegypti ցեղի մոծակներն ու մժեղներն են։ Հիվանդությունը տարածված է արեւադարձային եւ մերձարեւադարձային տարածաշրջաններում։ Հանդիպում է Հարավային եւ Հարավարեւելյան Ասիայում, Օվկիանիայում եւ Կարիբյան ավազանում։ Հիվանդությունն ի հայտ է գալիս մոծակի խայթոցից 3-14 օրվա ընթացքում։ Ռիսկային խմբերն են երեխաները եւ մեծահասակները։
Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դենգեն հատուկ բուժում չունի, իսկ դրա դեմ պատվաստանյութը կարելի է կիրառել արդեն մեկ անգամ այդ տենդով հիվանդացած մարդկանց նկատմամբ:
Ավելի վաղ դենգե տենդը դասվել է 10 մահացու՝ սիֆիլիս, որովայնային տիֆ, պոլիոմիելիտ, բուբոնային ժանտախտ, բորոտություն, խոլերա եւ այլ հիվանդությունների շարքին, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում: