Աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ կողմերն անդրադարձել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետեւանքով ստեղծված իրադրությանը: Երկուստեք շեշտվել է իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման ու դեէսկալացիայի անհրաժեշտությունը:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունն ակտիվ ջանքեր է գործադրելու` ուղղված կազմակերպության ներուժի զարգացմանն ու ամրապնդմանը: Ստանիսլավ Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնայնությունների առաջմղման համար:
Արարատ Միրզոյանի այցը ՌԴ առաջին արտասահմանյան այցն է արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո: