Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն սերբական մամուլին տված հարցազրույցում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների բնույթին:
Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային մակարդակում հագեցած բովանդակություն ունեն: Նա ընդգծել է, որ Թուրքիան կարեւորում է, փոխադարձ հարգանքի վրա հիմնվելով, երկկողմ համագործակցությունը դրական հունի մեջ պահելը:
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ տարածաշրջանային մակարդակում Թուրքիան ՌԴ-ի հետ քննարկում է նաեւ եվրաատլանտյան անվտանգության համար կարեւոր հարցեր:
Չավուշօղլուն նշել է, որ թեեւ երկու պետությունները տարածաշրջանային որոշ հարցերում տարբերվող մոտեցումներ ունեն, սակայն ջանում են բանակցելով ընդհանուր հայտարարի գալ եւ խնդիրներին լուծում գտնել:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի սահմաններից դուրս եղած խնդիրների լուծման համար համագործակցում են դրական ներդրման ռեսուրս ունեցող բոլոր դերակատարների հետ, իսկ Ռուսաստանն այդ տարածաշրջաններում ազդեցիկ դիրք ունի:
Չավուշօղլուն պնդել է, որ պետք է լավագույնս ընկալվի այն հանգամանքը, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի դրական հարաբերությունները կարեւոր ներդրում են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում:
Կառավարությունից է կախված
Թուրքիայի արտգործնախարարը Բելգրադում մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է նաեւ Թվիթերի նրա միկրոբլոգում, հայտարարել է, որ Անկարան կցանկանար Աֆղանստանում տեսնել քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող կառավարություն:
«Մենք ցանկանում ենք Աֆղանստանում տեսնել ինկլյուզիվ կառավարություն: Ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է տեսնել, թե ինչպիսի կառավարություն կստեղծվի այնտեղ»,- ասել է Չավուշօղլուն:
Նա ընդգծել է, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որ Աֆղանստանում կայունություն հաստատվի, եւ պատրաստ է համագործակցելու բոլոր նույնը ցանկացողների հետ: