Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ 2015-ից առ այսօր Թուրքիայում, որը բանտերում անազատության մեջ պահվող քաղաքացիների թվով բացարձակ առաջատարն է Եվրոպայում, գործարկվել է 127 նոր բանտ։ Իսկ վերջին 16 տարվա ընթացքում երկրում բացվել է 228 նոր բանտ։
Ընդ որում՝ Թուրքիայի իշխանությունները կարծես թե մտադիր չեն դրանով սահմանափակվել. այդ երկրում նոր բանտային համալիրների կառուցման բուռն աշխատանքներ են ընթանում։
Այսպես՝ Այդըն նահանգի Չինե շրջանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նպատակով շինարարական ընկերությունների համար մրցույթ էր հայտարարվել դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին։
2021-ի օգոստոսին մրցույթի հրապարակված արդյունքների համաձայն՝ կնքված շինարարական նախագծի արժեքը կազմում է 296,6 միլիոն լիրա (շուրջ 35,7 միլիոն դոլար)։ Շինարարությունը մեկնարկել է օգոստոսին, տեւելու է 850 օր եւ նախատեսվում է ավարտել 2023-ի դեկտեմբերի վերջին։
Հայտնի է նաեւ, որ օրեր առաջ Քոնիայում քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով 541,1 միլիոն լիրա (շուրջ 65,2 միլիոն դոլար) արժողությամբ մեկ այլ պայմանագիր էր կնքվել։
Բացի դրանից՝ 2021-ին նոր քրեակատարողական հիմնարկների կառուցման համար պայմանագրեր են կնքվել նաեւ Անթալիայի Աքսեքի շրջանում եւ Գիրեսուն, Սիիրթ, Թունջելի, Քյութահիա, Ադըյաման նահանգներում։
Ներկայումս Թուրքիայի յուրաքանչյուր 100 հազար բնակչից 357-ը պահվում է բանտերում։ Թուրքիայի բանտերն այսօր ի վիճակի են տեղավորելու շուրջ 251 հազար մարդու, մինչդեռ 2021-ի հուլիսի դրությամբ Թուրքիայի բանտերում պահվողների թիվը կազմել է 287 716 մարդ։ Ընդ որում՝ բանտարկյալներից 274 816-ը տղամարդիկ են, 11720-ը՝ կանայք, 1630-ը՝ անչափահասներ։
Ավելի վաղ Եվրախորհրդի հրապարակած վերջին տվյալներով՝ նախորդ տարվա հունվարի դրությամբ 85 միլիոնանոց Թուրքիայի բնակչության 1%-ը բանտերում է կամ պայմանական ազատության մեջ։