Ադրբեջանի ականազերծման պետական գործակալությունը կրկին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներն ականազերծելու համար կպահանջվի նվազագույնը 13 տարի:
Ադրբեջանցի մասնագետների հաշվարկով՝ վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում եւ շրջակա շրջաններում ականապատված է մոտ 14 հազար քառակուսի կիլոմետր։ Այդ տարածքների ականազերծման համար Իլհամ Ալիեւը հանձնարարել է այս տարի բյուջեից 60 միլիոն դոլար հատկացնել։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ադրբեջանցի սակրավորներին ականազերծման աշխատանքներում օգնում են թուրք մասնագետները, ինչպես նաեւ ռուս խաղաղապահները։
Պաշտոնական Բաքուն Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների ականազերծման ժամկետների մասին սկսել է խոսել դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին: 2021-ի ապրիլին US Defense One հանդեսում հրապարակած հոդվածում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հայտարարել է, որ Ամերիկայի նախագահը պետք է հարկադրի հայերին տրամադրել ականապատված տարածքների քարտեզները:
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Բաքուն, առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ, փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հարցով միջազգային ճնշումներին ի պատասխան:
Այս տարվա հունիսի կեսին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի քայլերը եւ երախտգիտություն էր հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ու Վրաստանի կառավարությանը՝ ականազերծման քարտեզների դիմաց 15 գերիների փոխանակման քայլերին օգնելու հարցում ունեցած էական դերակատարման համար: