Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներկայացրել է տեղեկանք 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի օգոստոսի 27-ը ներառյալ, ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերի ինժեներահետախուզական աշխատանքների մասին:
Սակրավորական խմբերը նշված ժամկետում Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերել եւ վնասազերծել են 1513 պայթուցիչ, հակատանկային 59 ական, հակահետեւակային ՕԶՄ տեսակի 10 ական, ականանետի 84 ական, 919 հրթիռ, հրթիռակասետային 3143 ռումբ, զենիթային 2059 արկ, թնդանոթի 9319 արկ, փոքր տրամաչափի 2391 զինամթերք, գնդիկաբեկորային 1411 ավիառումբ եւ նռնականետի ՊԳ-7 տեսակի նռնակ:
ԱԻՊԾ-ն նշել է, որ որպես կանոն՝ տեղում ոչնչացվում է այն զինամթերքը, որը տեղափոխման ենթակա չէ, մյուս դեպքերում ԱԻՊԾ սակրավորները հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխում եւ ոչնչացնում են ավելի անվտանգ տարածքում:
Ծառայության սակրավորական խմբերն անցած 11 ամիսների ընթացքում ականազերծել են շուրջ 130 հեկտար տարածք, այդ թվում՝ բնակելի եւ գյուղատնտեսական նշանակության, ինչպես նաեւ անտառածածկ գոտի: Հետախուզական աշխատանքները շարունակվում են: