Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ մասնագետները պնդում են, որ պատվաստվելը հատուկ նախապատրաստություն չի պահանջում, սակայն եթե պատվաստումից մի քանի օր առաջ սննդակարգը կարգավորվի, եւ մարդը հրաժարվի որոշ սննդատեսակներից, նույնիսկ աննշան կողմնակի ազդեցությունների հավանականությունը կնվազի:
Բժիշկ թերապեւտ, գաստրոէնտերոլոգ Նիկիտա Խարլովի կարծիքով պատվաստվելուց առաջ որոշակի սնունդ ընդունելը պատվաստվելուց հետո կարող է վատ ինքնազգացողության պատճառ դառնալ:
Բժիշկները խորհուրդ են տալիս չուտել ավելորդ, ինչպես նաեւ ալերգիա առաջացնող սնունդ: Խորհուրդ չի տրվում նաև պատվաստումից երկու շաբաթ առաջ նոր սննդի ընդունումը: Կարելի է միայն այն, ինչ օրգանիզմի համար սովորական է դարձել: Խորհուրդ չի տրվում փոխել, օրինակ, երշիկի կամ կաթի ապրանքանիշը:
Պատվաստումից առաջ կարեւոր է սննդակարգում սահմանափակել մեծ քանակությամբ ածխաջրեր պարունակող սննդի քանակը: Պատվաստումից երկու շաբաթ առաջ քաղցրեղեն եւս չի կարելի, հակառակ դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը ավելի կբարձրանա:
Կարտոֆիլը, հացահատիկը, հացը նույնպես կարող են բարձրացնել արյան շաքարի մակարդակը: Մրգերի քանակը եւս ցանկալի է կրկնակի կրճատել` նախապատվություն տալ ցիտրուսային տեսակներին: Ամենայն հավանականությամբ բանանն ու խաղողը վատ ազդեցություն կունենան, սեխը եւս ցանկալի չէ, քանի որ ալերգիկ է համարվում:
Ցանկալի է նման կանոններին հետեւել նաեւ պատվաստումից հետո երկու շաբաթվա ընթացքում, երբ ձեւավորվում է առաջնային իմունային արձագանքը:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պատվաստումներին, նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առայժմ սահմանափակումների մասին չի հայտարարել։