Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների՝ ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ եւս 80 մարդու գերեվարման առնչությամբ անվիճելի ապացույցներ կան։
Ըստ իրավապաշտպանի` Բաքվում դատավարությունների մասնակից են դարձել հաստատված ռազմագերիները, եւ այս պահին բոլոր ռազմագերիների մասնակցությամբ դատավարություններն ավարտված են, բոլորի առնչությամբ կան նշանակված պատիժներ՝ 4, 6, 10, 15, 20 տարի ազատազրկմամբ: Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ կան նաեւ այլ դատավարություններ, որոնք չեն առնչվում հայ ռազմագերիներին, բայց կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Սահակյանն ընդգծել է, որ բավարար ապացույցներ չկան՝ գերեվարումից հետո որքան ժամանակ են ողջ մնացել կամ հիմա ողջ են արդյոք։ «Այս պաշտոնական 45-ից զատ եւս 80 ռազմագերիներ պետք է իրականում վերադարձվեին Հայաստանին»,–նշել է նա։
Իրավապաշտպանը նկատել է, որ գերիների հարցով պասիվություն կա, եւ դրանով պայմանավորված` իշխանությունները լռում են, կան նաեւ զարգացումներ, որոնք չեն կարող նպաստել խնդրի լուծմանը, մասնավորապես սահմանամերձ հատվածներում տեղի ունեցող միջադեպերը։
Սահակյանը, սակայն, հույս է հայտնել, որ Ադրբեջանում դատապարտված հայ ռազմագերիները չեն մնա այնտեղ 15-20 տարի, այլ ավելի կարճ ժամանակ հետո կվերադառնան Հայաստան։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցման պահից ադրբեջանական գերությունից Հայաստան է վերադարձել 81 մարդ։
Այժմ, երկրի իշխանությունների տվյալներով, Ադրբեջանում պահվող գերիների թիվը 60 է, մինչդեռ չճշտված տեղեկություններով` նրանց թիվը հասնում է 110-ի։
Ավելի վաղ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի իրավաբան, փորձագետ Իգոր Միրզախանյանը նշել էր, որ մարտի 10-ի դրությամբ Եվրադատարանը 249 գերիների հարցով զբաղվելու որոշում է ընդունել, սակայն քանի որ նրանց մի մասը վերադարձել է Հայաստան, այժմ ՄԻԵԴ-ը զբաղվում է 188-ի հարցով։ Պաշտոնական Բաքուն, սակայն, հաստատել է ադրբեջանական բանտերում պահվող 72 գերիների մասին միայն: