ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վաշինգտոնյան հանդիպումը դարձյալ հետաձգվել է, եւ օգոստոսի 31-ի փոխարեն Բայդենը Զելենսկուն Օվալաձեւ կաբինետում ընդունել է այսօր՝ սեպտեմբերի 1-ին: Այս պահին ընթանում է երկու երկրների հանդիպումը՝ փակ ձեւաչափով: Ըստ ռուսական «Կոմերսանտի»՝ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս չի նախատեսվում:
Բայդենի հետ հանդիպմանն ընդառաջ Զելենսկին Բայդենին կոչ է արել անմիջականորեն ներգրավվելու խաղաղության բանակցություններում՝ Արեւելյան Ուկրաինայում յոթամյա ճգնաժամը կարգավորելու համար: «Մեզ անհրաժեշտ են ոչ թե խոսքեր, այլ գործեր»,- ընդգծել է նա:
Օգոստոսի 31-ին երկու երկրների պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել ռազմավարական համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։ Պենտագոնը պարտավորվել է նախապես համաձայնեցված 400 միլիոն դոլար տարեկան օժանդակությունն ավելացնել եւս 60 միլիոնով։ Համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի արդիական մի շարք զինատեսակներ, որոնց թվում՝ հակատանկային հրթիռային համակարգեր։
Նախօրեին Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանների երկայնքով Ռուսաստանի ակտիվացումը ցույց տվեց Ուկրաինայի անվտանգային համակարգի բացերը, «որոնք անհրաժեշտ է հապշտապ լրացնել»: