Համո Սահյանի տուն-թանգարանը Սյունիքի Լոր գյուղում հիմնադրվել է 2016 թվականին։ Բակում տեղադրված է Սահյանի ընկեր Գետիկ Բաղդասարյանի քանդակած կիսանդրին։ Թանգարանում պահվում են բանաստեղծի անձնական իրերը՝ գրասեղան, ժամացույց, սուրճի բաժակ, գլխարկներ, դրամապանակ եւ այլն։ Ցուցադրված են նաեւ լուսանկարներ, մակագրված գրքեր, Սահյանի շքանշանները։
Այստեղ է նաեւ Սահյանի՝ 1945 թվականին հրապարակված առաջին գրքի՝ «Որոտանի եզերքին»-ի առաջին օրինակը։ Աշխատակցուհին՝ տիկին Քնքուշը, ասում է՝ թանգարանը բավականին շատ այցելուներ է ունենում․ Սահյանը մեր օրերում գնահատված է։ Այստեղ փոքրիկ սափոր կա, որի մեջ թղթերի վրա սահյանական տողեր են գրված, բաժանում են այցելուներին, որ գրողի պոեզիան ավելի շատ տարածեն։
Լոր գյուղը
Ասում են՝ Լորը Սյունիքի ամենագրագետ գյուղերից մեկն է։ Այստեղ բոլորը ձգտել ու ձգտում են սովորելու, ուսում ստանալու։ Ժամանակին Լորում սովորելու են եկել նաեւ հարակից ու հեռու գյուղերից։ Իսկ դասավանդելու համար այստեղ են եկել ժամանակի կրթված երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, որոնց թվում է Ակսել Բակունցը։ Լորի դպրոցի զանգը նա է պատվիրել։
Այստեղ ուսուցչություն անելու ժամանակ է Բակունցը տեսել ու սիրահարվել Խոնարհին ու գրել իր «Խոնարհ աղջիկը» պատմվածքը։ Երիտասարդ ուսուցչի՝ իրենց գյուղ գնալու մասին Սահյանն ասել է․ «Բակունցի՝ գյուղ գալով, Լորի սարերում մի նոր արեւ բարձրացավ»։
Այժմ գյուղում՝ գերեզմանոցի կողքին, կարելի է տեսնել դպրոցը, որտեղ դասավանդել է Բակունցը, սակայն այն անմխիթար վիճակում է եւ աղբանոցի է վերածվում։ Լորը սակավահող գյուղ է, այդ պատճառով են դպրոցը գերեզմանոցի կողքին կառուցել։ Հիմա դպրոցում 40 աշակերտ է սովորում։ Գյուղում միայն մի խանութ կա։ Պատճառը թերեւս այն է, որ Լորում քիչ բնակիչներ են մնացել, հիմնականում տարիքով մարդիկ, իսկ երիտասարդները հեռանում են։ «Մնան էստեղ, ի՞նչ անեն, ոչ մի զբաղմունք չկա»,- ասում է լորեցի Ալիկ պապիկը։ Կա՛մ Երեւան են տեղափոխվում, կա՛մ արտասահման են գնում։ Մնացած բնակիչներն էլ հիմնականում այգեգործությամբ են զբաղվում, նաեւ անասնապահությամբ։
Լորի փողոցները գրեթե դատարկ էին․ մարդիկ աշխատում էին իրենց դաշտերում ու այգիներում։ Հանդիպածներն էլ աչքի են ընկնում հյուրընկալությամբ ու հյուրասիրությամբ։ Ասում են՝ այստեղ բոլորն են այդպիսին, անծանոթներին էլ տուն են հրավիրում ու հյուրասիրում։ Գյուղն առանձնանում է նաեւ նրանով, որ այստեղ հետեւում են ավանդական խոհանոցին ու մինչեւ հիմա պատրաստում հին ճաշատեսակներ՝ շփոթ, խավիծ եւ այլն։
Լորում երկու եկեղեցի կա՝ 1666 թվականին կառուցված Ս. Գեւորգը եւ 1686 թվականին կառուցված Ծառու Ս. Հովհաննեսը։ Ս. Գեւորգ եկեղեցին անբարեկարգ վիճակում է, չի գործում։ Ս. Հովհաննես եկեղեցում ժամանակ առ ժամանակ պատարագ է մատուցվում։ Գյուղում, սակայն, քահանա չկա։
Գյուղամիջյան ճանապարհները հիմնականում բարեկարգ են, ասֆալտապատ, սակայն տեղ հասնելու համար երբեմն պետք է անցնել անբարեկարգ ճանապարհներով։
Այսպիսով, թեեւ փոքր, բայց հետաքրքիր մշակույթով, բնակիչներով ու պատմությամբ գյուղ է Լորը։ Սահյանի ծննդավայրն այսօր այնքան էլ տարածված զբոսաշրջային ուղղություն չէ, որքան, օրինակ, Դսեղը՝ Թումանյանի ծննդավայրը, բայց արժե այս գյուղն էլ զարգացնել, մարդկանց իրազեկել ու հնարավորություն ստեղծել՝ ծանոթանալու Հայաստանի տեսարժան անկյուններից եւս մեկին։