Գիտելիքի օրը Շիրակի մարզի հինգ դպրոցներում նման չէր տոնի՝ ո՛չ առաջին դասարանցիներ, ո՛չ ծաղիկներ, ո՛չ փուչիկներ։
Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունից տեղեկացնում են, որ մարզի չորս գյուղական՝ Շաղիկի, Ջրաձորի, Ծաղկուտի եւ Փոքրաշենի, ինչպես նաեւ Գյումրու թիվ 43 միջնակարգ դպրոցներում առաջին դասարաններ չբացվեցին՝ աշակերտ չլինելու պատճառով։
Զորակերտ, Կարմրավան եև Աղվորիկ համայնքներում էլ առաջին դասարանները բացվեցին մեկական աշակերտով։
Ամասիա խոշորացված համայնքի Շաղիկ գյուղում շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ մինչ գյուղի միակ վեց տարեկան երեխայի դպրոց գալու օրը հասավ, ընտանիքն արտագաղթեց՝ տանելով իր հետ միակ առաջին դասարանցուն։
Ծաղկուտի դպրոցում նույնպես բարի գալուստ չասացին ոչ մի առաջին դասարանցու։ Տնօրենն ասում է՝ առաջին անգամ է, որ իրենց դպրոցը առաջին դասարանցի չունի, նախորդ տարի չորսն են ունեցել։ Գյուղում կյանքը դժվար է, երիտասարդները չեն ուզում մնալ եւ ապրել։
Փոքրաշենի դպրոցում էլ 13 ուսուցիչներով կրթում են 19 աշակերտի։ Տնօրեն Անուշ Կարախանյանն ասում է, որ կոմպլեկտավորված դասարաններով է կազմակերպվում դասապրոցեսը, ամեն ինչ անում են, որ աշակերտները չտուժեն ստեղծված իրավիճակից։
Առաջին դասարանցի չունեցող եւս մեկ՝ Ջրաձորի դպրոցի տնօրեն Հրայր Հարությունյանն ասում է, որ իրենք նույնպես դպրոցի 23 աշակերտների համար ուսումնական գործընթացը կոմպլեկտավորված դասարաններում են իրականացնում։
Հարությունյանի կարծիքով կոմպլետկավորումն ազդում է դասավանդման որակի վրա․ «Դասարանները միացնելով՝ ֆինանսական հարց է լուծվում, քանի որ դպրոցների ֆինանսավորումը աշակերտների թվով է կատարվում, կոմպլեկտավորելու դեպքում մի փոքր ավելանում է ուսուցչի աշխատավարձը»։
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը կարծում է, որ հեռավոր, բարձրլեռնային գյուղերում դպրոցները պահելով` պետությունը ֆինանսական վնասներ է կրում, բայց դրանով կանխում են երիտասարդ ընտանիքների արտագաղթը։
Այս տարի մարզում առաջին դասարան են հաճախել 3000-ից ավելի աշակերտներ։ Կարապետյանը նշում է, որ վերջին հինգ-վեց տարիներին Շիրակի մարզում աշակերտների թվի դրական դինամիկա կա. ավելի շատ ընդունվում են, քան ավարտում։ Հաջորդ տարվա թվաքանակը, սակայն, նախնական տվյալներով չի տարբերվի այս տարվանից։
Շիրակի մարզի գյուղերը անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ զբաղվելու հրաշալի պայմաններ ունեն, բայց դատարկվում են։ Ինչո՞ւ, որովհետեւ այնտեղ բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները, անհասանելի է բուժծառայությունը, չկան մշակութային եւ մարզական կենտրոններ։ Իսկ փաստը, որ չկա համայնքը քաղաքին միացնող ոչ մի տրանսպորտային միջոց, գյուղը լքելն անհետաձգելի ցանկություն է դարձնում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։