Ահաբեկիչները, 2014-ին քանդելով եւ պղծելով Սիրիայի Քեսաբ հայաբնակ գյուղաքաղաքի բոլոր հայկական եկեղեցիները, վարժարաններն ու այլ կենտրոններ, այրել էին նաեւ Քեսաբի Հայ կաթողիկե Սուրբ Միքայել եկեղեցու գրադարանը, որտեղ հնատիպ եւ արժեքավոր հայերեն գրականություն էր պահվում:
Օրերս այրված գրադարանի փոխարեն Քեսաբում բացվեց նոր գրադարան, որն անվանակոչվեց քեսաբցի մտավորական, ուսուցիչ եւ խմբագիր Մեսրոպ վարդապետ Ճուրյանի անվամբ (1931-2008):
Քեսաբի Ս. Միքայել եկեղեցու ժողովրդապետ Հ. Նարեկ վրդ. Լուիսյանն «Ալիք Մեդիա»-ին հայտնեց, որ 2014-ին մեծապես վնասվել էր նաեւ եկեղեցին, պղծվել էր եկեղեցու բակում հուղարկավորված Մխիթարյան միաբանության անդամներից Հայր Համազասպ վրդ. Գլնճյանի գերեզմանը:
«2013-ի մարտի 21-ին տեղահանվեցինք Քեսաբից: Քեսաբն ազատագրվեց 2014-ի հունիսի 15-ին, եւ վերադառնալով անմիջապես ձեռնամուխ եղանք քանդված եկեղեցու, վանքի նորոգմանը: Ութ տարի է՝ Սուրբ Միքայել վանքը վերականգնվում է»:
Վանքի նորաբաց գրադարանում երեք հազար հայերեն գիրք է զետեղվել: Գրքերի շարքում են նաեւ Մեսրոպ վարդապետ Ճուրյանի աշխատությունները. նա գրել է բազմաթիվ կրոնական գրքեր, կազմել մատենագիտական աշխատություններ, ինչպես Զմմառի մատենադարանի հայերեն հնատիպ գրքերի (1512-1800) ցուցակը, աշխարհաբարի է վերածել աղոթագրքեր, սաղմոսարաններ եւ այլ կրոնական հրատարակություններ, աջակցել զանազան վանքերում եւ հայագիտական կենտրոններում գրադարանների զարգացմանը:
«Հայ գիրքը եւ գրադարանները ծնունդ են առել եւ պահվել նաեւ մեր հին վանքերում, որոնք եղել են լույսի եւ գիտության կենտրոններ ու շտեմարաններ: Սանահինի, Գլաձորի, Հաղպատի, Աղթամարի, Հռոմկլայի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Զմմառի Անթիլիասի եւ այլ վանքերում գրադարանները նաեւ հայ վանականներն են հիմնել, եւ դրանք լուսավորել են հայոց միտքն ու հոգին»,- ասում է Ս. Միքայել եկեղեցու ժողովրդապետը՝ հույս հայտնելով, որ նորաբաց գրադարանը նման մի կենտրոն կդառնա պատմական Կիլիկիայի վերջին հայկական ավանում՝ Քեսաբում, որտեղից հայերը երեք անգամ (1909, 1915, 2013-ին) արդեն տեղահանվել են, բայց ամեն անգամ վերադառնալով՝ կրկին շենացրել են Քեսաբը:
Այրված գրադարանի փոխարեն նորագույն գրադարանի կառուցումն իրականություն է դարձել Հ. Նարեկ վրդ. Լուիսյանի ջանքերով, նա վստահ է, որ առաջիկայում գրադարակները համալրվելու են, Հայր Ճուրյանի անվան գրադարանը դառնալու է հայագիտական կենտրոն Քեսաբում:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։