Նախիջեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Բայրամ Ալիեւը թուրքական Daily Sabah պարբերականում հրապարակել է ծավալուն վերլուծություն, որում կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մշտական խաղաղության համաձայնագիրը «հակասում է Ռուսաստանի շահերին, քանի որ Կրեմլը ցանկանում է տարածաշրջանում պահպանել իր երկարաժամկետ ներկայությունն ու գերակայությունը հակամարտությունների միջոցով: Ո՛չ մշտական խաղաղությունը, ո՛չ էլ պատերազմը չեն ծառայում տարածաշրջանում Ռուսաստանի արտաքին քաղաքականության նպատակներին»:
Ըստ ադրբեջանցի վերլուծաբանի՝ Անկարան հետպատերազմյան շրջանում ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում եւ երաշխավորել Ադրբեջանի տարածքով անվտանգ երթուղի դեպի Կենտրոնական Ասիա: «Այս փաստը ռուս-թուրքական մրցակցությունը բերում է նոր հարթության վրա, որին նախկինում ականատես ենք եղել Սիրիայում եւ Լիբիայում: Ավելին՝ ակնհայտ է, որ հետպատերազմյան շրջանում ազդեցիկ դեր ունենալը կօգնի Անկարային ամրապնդելու իր տնտեսական կապերը տարածաշրջանային երկրների հետ եւ մեծացնելու Թուրքիայի դերը տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքականության մեջ»:
Քանի դեռ չի առաջացել նոր ստատուս-քվո
Պատերազմի ընթացքում Ֆրանսիայից եւ հետագայում ԱՄՆ-ից եկող արձագանքները ցույց տվեցին, որ համաշխարհային խաղացողները փորձում են հավասարակշռել տարածաշրջանում Ռուսաստանի առաջատար դերը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հատկապես փորձում է ավելի ակտիվ լինել տարածաշրջանում։ Այս միջավայրում մշտական խաղաղության հասնելու վերաբերյալ հարցերն ավելի են բարդանում:
Փաստորեն, նոյեմբերյան հռչակագիրը փոխեց տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը, քանի որ այս հայտարարությամբ Երեւանը եւ Բաքուն պայմանավորվել են ապահովել տրանսպորտային կապերը եւ տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը:
Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը դարձել է հիմնական պետությունը, որը տարածաշրջանում երաշխավորում է խաղաղություն եւ զինադադար, եւ Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում ու Լաչինի միջանցքում:
Աղդամում ստեղծվել է նաեւ թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոն: Այն վերահսկում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի պահպանման ռեժիմը, բայց ամենակարեւորը՝ ապահովում է Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում:
Կարող է թվալ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը լուծվել է, եւ ստատուս-քվոն փոխվել է, բայց քանի դեռ նոր ստատուս-քվո չի առաջացել, քաղաքական եւ անվտանգության նոր միջավայրը սպառնում է խաղաղությանը:
Ի՞նչն է վատթարացնում իրավիճակը:
Նախ՝ իրավիճակը վատթարացնում են ինչպես հակամարտող երկրներից, այնպես էլ տարածաշրջանային այլ դերակատարներից եկող խառնաշփոթ քայլերն ու հայտարարությունները: Իրանի գործունեությունը դժգոհություն է առաջացնում Ադրբեջանում, թեեւ երկու երկրներն էլ հայտնել են բարեկամական հարաբերություններ ունենալու մասին:
Արդյունքում Բաքվում Իրանի դեսպանին հրավիրել են Ադրբեջանի արտգործնախարարություն եւ բողոքի նոտա հղել իրանական բեռնատարների ադրբեջանական տարածք մուտք գործելու կապակցությամբ (հավանաբար նկատի ունի Սյունիքում Ադրբեջանի կողմից վերահսկվող ավտոճանապարհներով անցնելը):
Երկրորդ՝ վերջերս Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը կօգնի Հայաստանին՝ արդիականացնելու բանակը՝ շեշտելով, որ Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում Կրեմլի առանցքային գործընկերն ու դաշնակիցն է:
Ադրբեջանական կողմը վերստին հայտնեց, որ հայ զինծառայողների վերաբաշխումը վտանգում է խաղաղությունը տարածաշրջանում: Խաղաղության եւս մեկ սպառնալիք է Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի կոշտ հռետորաբանությունը, որը ցույց տվեց, որ հետպատերազմյան ժամանակահատվածը հարթ չի լինի, եւ խաղաղություն չի ակնկալվում մոտակա հեռանկարում: Իր հերթին Ադրբեջանը շարունակում է համագործակցել Իսրայելի հետ ռազմական ոլորտում՝ մոտ 2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարք կնքելու նպատակով, եւ հետագայում ամրապնդելու է իր ռազմական կապերը Թուրքիայի եւ Պակիստանի հետ:
Թուրք-ռուսական համագործակցություն
Մյուս կողմից, ինչպես վերեւում նշվեց, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման նոր հնարավորություններ են ի հայտ գալիս:
Ե՛վ Անկարան, ե՛ւ Մոսկվան աջակցում են տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանը՝ տարածաշրջանում բացելով տրանսպորտային միջանցքներ: Այս առումով Զանգեզուրի միջանցքը շատ կարեւոր տրանսպորտային ուղի է: Այս նախագծում ներգրավված բոլոր կողմերը կշահեն դրանից: Զանգեզուրի միջանցքով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը անմիջականորեն կկապվի Ադրբեջանի հետ, իսկ Թուրքիան նաեւ հնարավորություն կունենա անմիջական կապ հաստատելու Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու այլ երկրների հետ:
Հայաստանին հասանելի կլինեն Նախիջեւանով Իրանի եւ հյուսիսարեւմտյան Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ տրանսպորտային կապերը: Ավելին՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջարկած նոր հարթակը, որը կներառի Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը եւ Հայաստանը, կարող է խթանել զարգացումը եւ խաղաղությունը տարածաշրջանում:
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ տարածաշրջանի խնդիրները չեն լուծվի կարճ ժամանակում: Այնուամենայնիվ, էական է, որ ե՛ւ կառավարությունները, ե՛ւ ժողովուրդները հասկանան, որ ռացիոնալ եւ կառուցողական մոտեցումն այն հիմնական տարրն է, որն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն եւ զարգացում ապահովելու համար:
Պատրաստեց Կարինե Դավոյանը