Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաեւան, մեկնաբանելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի հարցազրույցը ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը, նշել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ռեւանշիստական հայտարարությունները վկայում են, որ Երեւանը չի հրաժարվում Ադրբեջանի հանդեպ որդեգրած ագրեսիվ քաղաքականությունից:
«Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում ագրեսիվ անջատականություն գրգռելով՝ Հայաստանի արտգործնախարարը բացահայտորեն վկայում է, որ իր երկիրը չի հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից, իսկ «խաղաղության եւ անվտանգության ռազմավարությունը, որի մասին խոսում է Միրզոյանը, պարզապես կեղծիք է»,- պնդել է Աբդուլաեւան:
Հայաստանի արտգործնախարարը հարցազրույցում մասնավորապես նշել է, որ եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի եւ իր զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից, բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու համար:
Արարատ Միրզոյանը հարցազրույցում չի հստակեցրել` արդյոք հայկական կողմն ակնկալում է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ժամկետը կերկարաձգվի, կամ արդյոք ընթանում են բանակցություններ նրանց ներկայությունը անժամկետ դարձնելու համար: Միրզոյանը միայն ասել է, թե «ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարեւոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության եւ կյանքի իրավունքի ապահովման գործում»:
«Մինչդեռ հարկ է նշել, որ Ադրբեջանը ոչ միայն մինչեւ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլեւ ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը»,- ասել է Միրզոյանը։
ՀՀ արտգործնախարարը հարցազրույցում շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների մշտական ագրեսիվ հռետորաբանությունը ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղությանը նպաստող մթնոլորտի հաստատմանը:
«Հայկական կողմը հետեւողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ եւ արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը»,- «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ընդգծել է Միրզոյանը: