Վանի նահանգապետարանից հայտնել են, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ տարվա մեջ մի անգամ իրականացվող պատարագն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 5-ին` 09:00-12:00-ն։
Կորոնավիրուսի համավարակը հաշվի առնելով՝ պատարագին մասնակցելու համար կթույլատրվի կղզի այցելել միայն սահամանափակ թվով հրավիրյալների եւ հավատարմագրված անձանց: Պատարագի ընթացքում եկեղեցին փակ է լինելու այցելուների համար:
10-րդ դարում Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով կառուցված Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 1113-1895 թվականներին եղել է Աղթամարի կաթողիկոսների նստավայրը: Կաթողիկոսության վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել են Պոլսո հայոց պատրիարքությանը։ Կղզին ու եկեղեցին լքվել են 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո։
2005-ին Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը ձեռնարկել է Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել է որպես թանգարան:
95 տարվա դադարից հետո՝ 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: 2015-2017 թվականների ընթացքում Թուրքիայի արեւելյան որոշ շրջաններում քուրդ զինյալների եւ թուրքական զինուժի միջեւ պարբերական բախումների պատճառով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէին արտոնել: