Այս նկարում Արլինգտոնի զինվորական պանթեոնն է Վաշինգտոնի մերձակայքում։
Այստեղ թաղված են Միացյալ Նահանգների մղած տարբեր պատերազմների (սկսած 1861-65 թթ քաղաքացիականից) մասնակիցներ, ԱՄՆ նախագահներ, Գերագույն դատարանի նախագահներ եւ աստղագնացներ։
Ինչպես տեսնում եք՝ բոլորի համար միատեսակ գերազմանասալ է տեղադրված, եւ կարեւոր չէ՝ վետերա՞ն է, թե՞ նախագահ։ Ոչ մեկն այստեղ ոչ մեկից առավել չէ։
Սա հիշեցրի, որովհետեւ մի քանի օր առաջ մեր Եռաբլուր զինվորական պանթեոնում արտակարգ դեպք է եղել (ի դեպ, համարյա բոլոր զոհվածների շիրիմներն այստեղ էլ միատեսակ են)։
Ի՞նչ էր կատարվել։ Վերջին պատերազմի հերոսներից մեկի հարազատները որոշել էին իրենց որդու գերեզմանը սարքել իրենց ուզած ձեւով։ Ըստ լրատվամիջոցներին տված նրանց պարզաբանումների՝ դա համաձայնեցված է եղել պաշտպանության նախկին եւ ներկա նախարարների հետ։ Սակայն մի քանի օր առաջ հայտնաբերել են, որ իրենց որդու գերեզմանը քանդված է։
Ըստ նախարարության ներկայացուցչի՝ իրենք բազմիցս նախազգուշացրել են, որ չկառուցվի նման՝ մյուսներից տարբերվող ու մյուս շիրիմները ստվերող գերեզման։
Ես կարող եմ հասկանալ զոհվածի հարազատների զգացմունքները, բայց հասկանում եմ նաեւ պաշտպանության նախարարությանը, ինչպես նաեւ Եռաբլուրում թաղված մյուս հերոսների հարազատներին, որոնք ավելորդ ճոխության հնարավորություն չունեն, բայց հաստատ պակաս չեն հարգում իրենց հերոսների հիշատակները։ Սակայն ասածս չի արդարացնում կառուցածը գիշերով քանդելը։ Կարծում եմ՝ նախարարությունը պետք է համոզելու այլ ձեւեր գտներ։
Այսքանով հանդերձ, սպանեք, չեմ հասկանա եւ երբեք չեմ հասկացել մեր ժողովրդի, այդ թվում եւ այդ հերոսի հարազատների, ավելորդ գերեզմանապաշտությունը։
Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ են մարդիկ գերեզմաններ եւ դամբարաններ պատրաստելու այդ հսկայական ծախսերն անում։ Եթե դա արվում է սովորական գերեզմանատներում, դեռ գուցե կարելի է արդարացնել, թեպետ դա էլ չեմ ընդունում։ Այսուհանդերձ, գոնե Պանթեոն անվանվող գերեզմանատեղերում բոլորը պիտի հավասար լինեն։
Երեւանում, ինչքան գիտեմ, այդպիսիք երեքն են. Կոմիտասի անվան պանթեոնը, քաղաքային գերեզմանատան պանթեոնը (Թոխմախ) եւ Եռաբլուր զինվորական պանթեոնը։
Սակայն հատկապես առաջին երկուսում շիրիմների խայտաբղետ բազմազանություն է։ Այդպես է ստացվել։ Ոչ մեկը չի մտածել պանթեոններում միասնականությունը կամ գոնե՝ շիրիմների համեստ լինելը կանոնակարգելու մասին։
Դե, իսկ Կոմիտասի անվան պանթեոնում Անդրանիկ Մարգարյանի՝ մյուսներից տարբերվող եւ իր ճոխությամբ աչք ծակող գերեզմանի մասին բազմիցս է գրվել։ Հիշում եմ՝ երբ այս մասին խոսք եղավ, մեկը նետեց՝
-Լավ են արել, փող ունեն՝արել են։
Կարծում եմ՝ Անդրանիկ Մարգարյանի հարազատներն իրե՛նք պետք է կառուցելուց առաջ մտածեին, որ դա սովորական գերեզմանատուն չէ, դա Պանթեոն է, որտեղ թաղված են Կոմիտասը, Իսահակյանը, Սարյանը, Խաչատրյանը… Չթվարկեմ, բոլորդ էլ գիտեք այդ անունները։ Եվ այդտեղ համեստությունն է հավերժացնում այդ մարդկանց հիշատակը։
Իսկ հիմա համեմատեք։
Մեկը Անդրանիկ Մարգարյանի շիրիմն է։ Մյուսը՝ Հրանտ Մաթեւոսյանի։
Շատ տարիներ հետո մարդիկ հարցնելու են, թե ո՞վ է եղել այս ճոխ գերեզմանում թաղված Մարգարյանը, ինչպես որ հիմա հարցնում են՝ ո՞վ է Գրիգոր Արզումանյանը, որ արժանացել է Պանթեոնում թաղվելու պատվին։ Թեպետ Արզումանյանի գերեզմանը ամենահամեստներից մեկն է այստեղ։
Իսկ Հրանտ Մաթեւոսյանի եւ մշակույթի մյուս հանրահայտ գործիչների վերաբերյալ նման հարց չի առաջանալու։ Որովհետեւ ճոխ գերեզմանը չէ մարդու հիշատակը հարգելու գրավականը։
Անգերեզման Չարենցի հիշատակը վկա։
Հ. Գ. Սա բարոյախրատական հոդված չէ։ Սա ընդամենը իմ մտահոգությունն է։ Ես նույնիսկ գիտեմ, որ այս հոդվածը ոչինչ չի փոխելու մարդկանց հոգեբանության մեջ։ Նրանք շարունակելու են անգամ վարկով ճոխ գերեզմաններ կառուցել (կան նման դեպքեր), ինչ է թե՝ հետ չմնան հարեւանից։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։