ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ։ Արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ-ի դերը՝ որպես համապարփակ եւ համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպության։
Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ԵԱՀԿ անվտանգության բոլոր երեք՝ ռազմաքաղաքական, տնտեսական եւ բնապահպանական ու մարդկային հարթություններում համագործակցության խորացմամբ։ Այս համատեքստում կարեւորվել է Հայաստանի հետ համագործակցության ծրագրի շրջանակում ԵԱՀԿ-ի եւ վերջինիս գործադիր մարմինների հետ ծրագրային փոխգործակցության շարունակականությունը։
Կողմերն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակին: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարեւորությունը:
ՀՀ ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատմանը, սակայն Ադրբեջանի սադրիչ գործողությունները՝ ներառյալ ադրբեջանական ԶՈՒ ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք, լարվածության նոր օջախներ են ստեղծում եւ խաթարում տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: