Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը Կատարում հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնը մտադիր չէ ճանաչել «Թալիբանի» իշխանությունը, սակայն այդ շարժման հետ շփումներից հրաժարվել չի կարող։ Նա ընդգծել է, որ նման շփումներն են ուղերձներ փոխանակելու հնարավորություն ընձեռում։
Ռաաբը նշել է, որ այժմ միջազգային հանրությունը դեռեւս գնահատում է Աֆղանստանի գրեթե ամբողջ տարածքի հանդեպ վերահսկողություն սահմանած շարժման առաջին քայլերը։ Արտգործնախարարը շեշտել է, որ թալիբների առաջին քննությունը Քաբուլի օդանավակայանից իրականացված տարհանման հանդեպ թալիբների որդեգրած մոտեցումն էր։ «Այժմ արդեն այլ իրադրություն է, եւ մենք պետք է տեսնենք՝ արդյոք ապահովվելու է Աֆղանստանն ազատորեն լքելու մարդկանց իրավունքը»,- ընդգծել է նա։
Reuters գործակալության տվյալներով՝ Մեծ Բրիտանիան 30 միլիոն ֆունտ ստեռլինգ (41,5 միլիոն դոլար) օգնություն է հատկացնելու Աֆղանստանի հարեւան երկներին՝ փախստականների համար սանիտարատեխնիկական կառույցների պատրաստման նպատակով։
Երկրի արտգործնախարարությունը հայտնել է, որ այդ գումարից 10 միլիոն ֆունտ ստեռլինգը (14 միլիոն դոլար) անհապաղ ուղղվելու է այդ երկրների մարդասիրական կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին առընթեր Փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությանը։ Մնացած 20 միլիոն ֆունտ ստեռլինգը (28 միլիոն դոլար) կօգնի տարածաշրջանի երկրներին, որոնք թալիբների իշխանության գալուց հետո իրենց վրա են ընդունում Աֆղանստանը լքած տասնյակ հազարավոր փախստականներին ապաստան տալու բեռը։ Խոսքը վերաբերում է Պակիստանին, Տաջիկստանին, Իրանին, Ուզբեկստանին եւ Թուրքմենստանին։
«Անչափ կարեւոր է, որ մենք կարողանանք օգնել Աֆղանստանից փախուստի դիմած մարդկանց, որոնց շնորհիվ ճգնաժամը չի խաթարել տարածաշրջանային կայունությունը,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը։
Տարածաշրջանային այցով Քաթարում գտնվող Ռաաբն այսօր այցելելու է Պակիստան։