Արարատ լեռան վրա 35 տարի շարունակ որոնողական աշխատանքներ իրականացրած իտալացի հետազոտող Անգելո Պալեգոն, որը վարակվել էր կորոնավիրուսով, սրտի կաթված է ստացել եւ մահացել Էրզրումի քաղաքային հիվանդանոցում։
Նրա որդին՝ Ստեֆանո Պալեգոն, Իտալիայի հյուպատոսության միջոցով կատարել է հոր կտակը․ Պալեգոն հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ։
Թուրքիայում Պալեգոյի որդու վստահված անձը՝ Մուրադ Շահինը, պատմել է, որ Պալեգոն 1986-ից ի վեր Արարատ լեռան վրա Նոյյան տապանն էր փնտրում։
«Հավատացած լինելով, որ Նոյյան տապանն այստեղ է, այս շրջանում շարունակ հետազոտություններ էր իրականացնում, հրապարակում դրանք իր երկրի թերթերում։ Պալեգոն հույս ուներ, որ տապանը հայտնաբերելու դեպքում մարդիկ կհավատան Նոյի ջրհեղեղին, սխալ չեն գործի, եւ աշխարհում խաղաղություն կտիրի, եւ այդ նպատակով ամեն տարի հետազոտություններ անելու համար Դողուբայազետ (Բայազետ) էր գալիս»,- պատմել է Շահինը:
Հենց Մուրադ Շահինի ջանքերով էլ իտալացի հետազոտողին հողին են հանձնել Բայազետի նոր՝ Արարատին նայող գերեզմանատներից մեկում: