Հայաստանում Եվրամիության գրասենյակից հայտնել են, որ սեպտեմբերի 3-ին Հայաստան է հասել Լիտվայի նվիրատվությունը՝ AstraZeneca պատվաստանյութի 27500 չափաքանակը՝ նախատեսված 13750 մարդու ամբողջական պատվաստման համար։
«ԵՄ պատվիրակության անունից մեր գոհունակությունն ենք հայտնում Լիտվայի կառավարությանը՝ նվիրաբերության համար, եւ հույս հայտնում, որ այն իր նպաստը կբերի Հայաստանում կրկին տարածվող կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ընդգծել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։
Ըստ Պլեշինգերի՝ պատվաստումները կորոնավիրուսի դեմ պայքարի կարեւորագույն գործիքն են: ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ հայ հասարակության շրջանում կավելանա վստահությունը, ինչը կօգնի պատվաստումների միջոցով դանդաղեցնելու համավարակի տարածումը։
Հայաստանում Եվրամիության գրասենյակի համաձայն՝ պատվաստանյութ պարունակող բեռների ապահով տեղափոխումը Հայաստան հնարավոր է եղել կազմակերպել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների շնորհիվ։
ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Եվրամիության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը եւ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում պաշտոնապես ընդունել են նվիրատվությունը։